Ապրիլի 9-ին Հայաստանի նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո «Ծառուկյան» դաշինքը կօգտվի Սահմանադրության ընձեռած իրավունքից այն նախարարների հրաժարականի պահանջի մասին, որոնք իրենց արժանապատվությունից ցածր են համարում խորհրդարան գալ եւ պատգամավորների հարցերին պատասխանել: Այս մասին մարտի 26-ին ԱԺ-ում դեղատոմսերի հարցով ընթացող լսումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ես անընդունելի եմ համարում, որ այսօր այստեղ ներկա չէ առողջապահության նախարարը: Ես դա խորհրդարանի նկատմամբ արհամարհանք եմ համարում»,- ասաց նա:
Խոսելով դեղերը դեղատոմսերով բաց թողնելու քննարկվող կարգի մասին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ոչ մեկը չի վիճարկում այս կարգի ճիշտ լինելը, բայց Հայաստանում, ինչպես միշտ, ամեն ինչ վերջից է կատարվել: Նա նշեց, որ ԱՆ պաշտոնյաները մշտապես վկայակոչում են եվրոպական փորձը: Սակայն, նրա խոսքով, եվրոպական երկրներում բուժապահովագրություն կա եւ միագամայն այլ մեխանիզմներ են գործում: «Եթե հիվանդը 200-դրամանոց դեղ գնելու համար պետք է 20 հազար դրամանոց հետազոտություն անցնի, ապա դրա համար ապահովագրությունն է վճարում: «Մենք ապահովագրության համակարգ չունենալով, մեծաթիվ խնդիրներ չլուծելով, վերցնում ենք վերջին կետը եւ ասում, որ սա լավ է, սա միջազգային փորձն է»,- նշեց նա:
Պատգամավորը ԱՆ-ին առաջարկեց գրազով այցելել բժիշկներին եւ հարցնել՝ նրանցից քանիսը սովորական անալգինի քիմիական բաղադրությունը գիտեն, եւ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հաշվի չեն առնվել սխալ գրված դեղատոմսի ռիսկերը: Նրա կարծիքով՝ մինչեւ այս կարգի ներդրումը անհրաժեշտ էր մեծ թվով խնդիրներ լուծել, ինչը չի արվել:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ հավելեց, որ ինքը կասկածներ ունի, որ այս կարգը կանաչ ճանապարհ է բացում դեղի մաֆիայի համար: «Գաղտնիք չէ, որ մեզ մոտ անձինք կան, որոնք դեղեր են ներկրում, դեղատներ եւ հիվանդանոցներ ունեն, եւ նրանց հիվանդանոցների բժիշկները դուրս կգրեն այն դեղերը, որը ներկրում է տվյալ օլիգարխը»,- ասաց նա:





