ԱՄՆ Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում բնակվող Քենդրա Ջեքսոնը մի քանի տարի տառապում էր հարբուխից, որից հետո պարզել է, որ այդ ամբողջ ընթացքում իր քթից հոսում էր ողնուղեղային հեղուկը, հայտնում է Live Science-ը։

Կինը խոստովանել է, որ 2013-ից սկսած տառապում էր չդադարող հարբուխից, երբ վթարի մեջ է ընկել ու գլխի վնասվածք ստացել՝ դեմքով հարվածելով սարքավորումների պանելին։ «Ուր գնում էի,  միշտ մի տուփ անձեռոցիկ էի վերցնում։  Հեղուկն անընդհատ հոսում էր»,- պատմել է Ջեքսոնը։ Բացի դրանից, նրա գլուխն անընդհատ ցավում էր ու քնի հետ կապված խնդիրներ ուներ։

Բժիշկները սկզբում կնոջ հարբուխը կապակցել են ալերգիայի հետ։ Հետագայում օտոլարինգոլոգը պարզել է, որ իրականում դա ոչ թե հարբուխ է, այլ լիկվորեա՝ ողնուղեղային հեղուկի արտահոսք։ Բժիշկները կնոջն ասել են, որ նա օրական կորցնում է 237 մլ հեղուկ, մինչդեռ ուղեղը արտադրում է մոտ 503 մլ։

Ողնուղեղային հեղուկը թափանցիկ հեղուկ է, որը ուղեղն ու ողնուղեղը  առանձնացնում է դրանց արտաքին ծածկույթից։  Այն ամորտիզատորի դեր է կատարում այդ օրգանների համար ու օգնում է ուղեղից դուրս բերել թափոնները։ Եթե ողնուղեղային հեղուկը ընկնում է մարդու քթի կամ կոկորդի մեջ, այն կարող է մետաղական համ ունենալ։

Նման արտահոսքը կարող է մի քանի տարի շարունակվել մինչեւ առողջական լուրջ խնդիրների առաջացումը։ Նման բարդացումներից մեկն է բակտերիալ մենինգիտը՝ լուրջ ինֆեկցիա, որն առաջացնում է գլխուղեղի ու ողնուղեղի պատյանների բորբոքում։

Ջեքսոնի դեպքում խնդիրը լուծվել է վիրահատության օգնությամբ։ Թիմը պարզել է արտահոսքի աղբյուրը՝ պարզվել է, որ դա շատ փոքր անցք է գանգի ու քթանցքերի միջեւ։ Մտնելով քթի միջով՝ բժիշկները կարողացել են արտահոսքը վերացնել հիվանդի սեփական ճարպային հյուսվածքների օգնությամբ։