Եթե ցանկանում ենք առողջ հանրություն ունենալ, ապա բացի ֆիզիկական առողջությունից, մարդիկ պետք է նաեւ հոգեւոր ու մտավոր առողջություն ունենան: Այս մասին Երեւանի "Հերացի" թիվ 1 հիվանդանոցային համալիրում բժիշկների հետ զրույցում ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Ներկայացնելով առողջ հանրության իր բանաձեւը՝ նա նշեց, որ այս հարցում մեծ դեր ունի ոչ միայն առողջապահությունը, այլեւ ընդհանրապես ամբողջ կրթական համակարգը:

«Մարդիկ, ովքեր բժիշկ են աշխատում, լավ գիտելիքներ ունեն, բայց պետք է լինեն նաեւ լավ քաղաքացիներ։ Այսինքն՝ պետք է լինեն քաղաքացիներ, որոնց համար բացառված լինեն կոռուպցիոն երեւույթները։

Այսօրվա Հայաստանում, երբ ոչ բոլոր մարդիկ ունեն հնարավարություն եւ ծանր տնտեսական պայմաններում են ապրում, այս պայմաններում եթե բժշկության մեջ էլ կոռուպցիա լինի, այսինքն՝ դրամ վերցնեն այս կամ այն հիվանդությունը բուժելու համար, դա անբարոյականություն է»,- ասաց նա:

Մայիսի 29-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է "Հերացի" հիվանդանոցային համալիրի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Նա շփվել է բժիշկների եւ վիրավոր զինծառայողների հետ, որոնք բուժվում են կենտրոնում:

Նախագահը նախաճաշել է վիրավոր զինծառայողների հետ եւ մաղթել, որ Առաջին Հանրապետության 101-ամյակի տոնակատարությանը (այս տարի նշվում է 100-ամյակը – խմբ.) նրանք ոտքի կանգնած լինեն ու մասնակցեն տոնական միջոցառումներին: Նա նշել է, որ նրանցից յուրաքանչյուրը կամքի ահռելի ուժ ունի, նրանք բարդ ճանապարհ են անցել, եւ ցանկացել է, որ բոլորը ընտանիք կազմեն ու ծերության տարիներին իրենց թոռնիկներին պատմեն իրենց ճանապարհի մասին: «Հայրենասիրությունը միայն կոչեր չեն, եւ դուք դրա լավագույն օրինակն եք»,- ասել է նա: