Հայաստանի Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի կոլեկտիվը հունիսի 1-ին ինստիտուտում բողոքի ակցիա է անցկացրել՝ տնօրենի պաշտոնում Ալեքսանդր Բազարչյանին թողնելու պահանջով: Աշխատակիցները նախ հավաքվեցին նախասրահում՝ «Պարոն նախարար, քայլ արա՝ թող մեր տնօրենին» գրառմամբ պաստառներ բռնած: Այնուհետեւ նրանք մտան դահլիճ, որտեղ ընթանում էր ինստիտուտի Գիտական խորհրդի նիստը, եւ պահանջեցին, որպեսզի Խորհրդի անդամները միանան իրենց պահանջին:

Աշխատակիցների խոսքով՝ Հայաստանում տեղի են ունենում ժողովրդավարական փոփոխություններ, ժողովուրդն իր պահանջներն առաջ քաշելու եւ իր թեկնածուներին ընտրելու հնարավորություն է ստացել: Եվ իրենք մտադիր են պաշտպանել իրենց իրավունքները աշխատելու այս կամ այն տնօրենի հետ: Նրանք նաեւ հայտարարեցին, որ այսօրվա դրությամբ միակ կոլեկտիվն են, որը ձգտում է ոչ թե տնօրենի հրաժարականին, այլ որպեսզի նա մնա իր պաշտոնին:

Խորհրդի նախագահ Ալեքսանդր Բազարչյանը ներկաներին հավաստիացրեց, որ այս բողոքների հետ ոչ մի կապ չունի, իսկ հետո վկայակոչելով չափից ավելի էմոցիոնալ իրավիճակը՝ նիստը լքեց: Նախագահությունը ստանձնեց Խորհրդում նրա տեղակալ Վլադիմիր Դավիդյանցը:

Արմեն Չարչյանն առաջարկեց հարցը մտցնել նիստի օրակարգ եւ արտահայտել Գիտական խորհրդի ընդհանուր դիրքորոշումը, ինչին մնացյալ բոլոր անդամները համաձայնվեցին: Գիտական խորհրդի անդամները առողջապահության նախարարին ուղղված ուղերձի տեքստ կազմեցին՝ կոլեկտիվի պահանջի աջակցությամբ:

Հարկ է նշել, որ Խորհրդի նիստին ներկա էր Դավիթ Պետրոսյանը, որը պետք է զբաղեցնի Ալեքսանդր Բազարչյանի տեղը: Մինչ Խորհրդի անդամները եւ աշխատակիցները խորհրդակցում էին եւ ուղերձի տեքստը կազմում, նա աննկատ հեռացավ:

Աշխատակիցները NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք չեն ցանկանում բաժանվել Ալեքսանդր Բազարչյանից, որն «աճել» է այս ինստիտուտում, եւ ում ղեկավարության տարիներին (2014 թվականից սկասծ) ինստիտուտը ոտքի է կանգնել:

Նրանք հայտնեցին, որ ավելի վաղ կոլեկտիվը բոլոր աշխատակիցների ստորագրությամբ նամակ է հղել նախարար Արսեն Թորոսյանին, որում պատրաստակամություն են հայտնել Արսեն Թորոսյանի հետ բարեփոխել առողջապահության համակարգը, սակայն խնդրել են հնարավորություն տալ դա անելու իրենց տնօրենի հետ միասին:

Առողջապահության ինստիտուտի աշխատակիցները նաեւ հայտարարեցին, որ մտադիր են իրենց պահանջով մինչեւ վերջ գնալ: Եթե առողջապահության նախարարն իրենց ընդառաջ չգնա, իրենք պատրաստ են դիմել վարչապետին, եւ եթե պետք լինի գործադուլ ու կառավարության մոտ նստացույց անել:

Ալեքսանդր Բազարչյանը NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց, որ պատրաստ է ամեն տեղ աշխատել, որտեղ իրեն նշանակեն, սակայն իր «սիրտը կմնա այս ինստիտուտի հետ»: