Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է  Առողջապահության ազգային ինստիտուտում ստեղծված իրավիճակին։

«Ուզում եմ խոսել մի երեւույթի մասին, որի պատճառով վերջին շրջանում աղմուկ բարձրացավ մեր համակարգում տեղի ունեցող փոփոխությունների շուրջ։ Կա չակերտավոր ասած մի ինստիտուտ, երբ մարդիկ կարծում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնն իրենց սեփականությունն է։ Եվ երբ որ փորձում ես որեւէ գործողություն կատարել, օրինակ, այդ մարդուն ավելի բարձր պաշտոնի տանել, կամ խնդրում ես տեղափոխվել այլ աշխատանքի, քանի որ ինքը լավ չի կատարում այդ աշխատանքը, կամ ընդհանրապես ազատել աշխատանքից, նրանք դա ընկալում են որպես անձնական կյանքի, իրենց սեփականության  նկատմամբ ոտնձգություն», - ասել է նախարարը։

Նա նշել է, որ Ազգային առողջապահության ինստիտուտի տնօրենին առաջարկել էր նախարարի խորհրդականի պաշտոնը, հետագայում ավելի բարձր պաշտոնի տանելու մտադրությամբ, քանի որ նա «պրոֆեսիոնալ է»։

«Ու կարծես նա համաձայնել էր, բայց այն ինչ տեղի ունեցավ հետո, շատ հուզիչ էր։ Անձնակազմը, չուզենալով փոխել ստատուս-քվոն, ինչը որոշների համար առավոտ 10․00-ին գալն ու 15․00 տուն գնալն էր, ու անհասկանալաի է թե ինչով զբաղվելն էր, կազմակերպում են մի իրարանցում Ազգային առողջապահության ինստիտուտում Գիտխորհրդի ժամանակ, ու այդ իրարանցման ժամանակ կազմվում է մի նամակ, թե ինչու եք ուզում տանել մեր տնօրենին», - ասել է Արսեն Թորոսյանը, հավելելով, որ տպավորությունն այնպիսին է, որ այդ ինստիտուտը  մի անձի վրա է կառուցված, եթե այդ անձը չլինի, ինստիտուտը չի լինի, ինչը ապապցուցում էր իր գործողությունների ճշմարտացիությունը։

«Հիմա քանի որ նա մերժում է իմ առաջարկը գալ ինձ մոտ, նա մնում է ինստիտուտի տնօրեն, մինչեւ որ մենք մտածենք, թե ինչպես ենք այդ ինստիտուտը ոտքի կանգնեցնում, քանի որ դա փաստացի չաշխատող մի ինստիտուտ էր», - ասել է նախարարը։