Աֆրիկայի երկրներում իրավիճակի դրական փոփոխության համար անհրաժեշտ է սկսել բոլորի համար բազային կրթության ներդրումից: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց միսիոներ բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանի Նուբայի լեռների տարածքում միակ կլինիկայի միակ վիրաբույժը:
Նրա խոսքով՝ բոլորը պետք է սովորեն գոնե կարդալ, գրել եւ հաշվել, նույնիսկ մարդիկ, որոնք ամբողջ կյանքում միայն հողագործությամբ են զբաղվում. գրագետ կանայք, ի թիվս շատ բաների, երեխաներին ավելի լավ կդաստիարակեն, կրթությունը իր հետքը կթողնի նաեւ կյանքի այլ ոլորտների վրա:
Քաթինայի խոսքով՝ չարժի սպասել, որ Աֆրիկայի երկրներում կարելի է լուրջ փոփոխությունների հասնել 1-2 տարում. դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի՝ 20, 30, գուցե 40 տարի: Եվ պետք է սկսել բազային կրթությունից, բազային առողջապահությունից, բազային ենթակառուցվածքներից. արտաքին ազդեցության դեպքում մեծ եւ կտրուկ փոփոխությունների կարիք չկա՝ ամեն ինչ անհրաժեշտ է զարգացնել դանդաղ, համաչափ, ըստ որում՝ պահպանելով այն ամեն լավը, որ կա այդ երկրների մշակույթում՝ ընտանեկան արժեքների պատկերացումները, մարդկանց մեծահոգությունը եւ այլն:
Քաթինայի խոսքով՝ իրենք մարդիկ էլ պետք է սովորեն իրենց մասին ինքնուրույն մտածել: Պետք է կրթել մասնագետների նոր սերունդ, որոնք կկարողանան աշխատել նույն «Գթության մայր» հոսպիտալում, որտեղ այսօր աշխատում է Քաթինան:
Հիշեցնենք, որ «Ավրորա-2017» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան միսիոներ կաթոլիկ է ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից: Նա միակ բժիշկն է, որ մշտապես բնակվում է Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում, ուր մարդասիրական օգնության մուտքն արգելված է, եւ հազարավոր կյանքեր է փրկել:
Մեկ միլիոն դոլար «Ավրորա» մրցանակը ստանալով՝ Քաթինան այն բաժանել էր Աֆրիկյան բժշկական առաքելություն հիմնադրամի (AMHF, ԱՄՆ), Aktion Canchanabury-ի (Գերմանիա) եւ Կաթոլիկ բժշկական առաքելության խորհրդի (CMMB, ԱՄՆ) միջեւ: Նա նաեւ 100 հազար դոլարի անձնական մրցանակ էր ստացել, որը խոստացել էր ծախսել հիվանդանոցի կարիքների համար:





