Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 28-ին կառավարության նիստի ժամանակ, դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգի կիրառումը մինչև 2019-ի հուլիսի 1-ը  հետաձգելու հարցը քննարկելու ժամանակ կոչ է արել այդ ընթացքում նաև  լրատվամիջոցներով հանրության հետ  ակտիվ երկխոսություն ծավալել, և փորձել կիրառման փորձաքննություն իրականացնել։

«Իմ կոչն է, որ այս ընթացքում նաև զանգվածային լրատվամիջոցներով հանրության հետ ակտիվ երկխոսություն ծավալվի և փորձ արվի կիրառման փորձաքննություն իրականացնել։ Այսինքն փորձել կիրառել մոդել, մարդուն տանել այդ ճանապարհով, տեսնել, ինքը ինչ պրոբլեմների է հանդիպում, որպեսզի մենք օրենքը ուժի մեջ մտնելուց հետո չհասկանանք, որ դա էս ու էս խնդիրներն է առաջացնում, նախապես լուծենք այդ խնդիրները»,- ասել է նա։ 

Վարչապետը նշել է, որ մշտական հետաձգումները կարող են պարզապես անիմաստ դառնալ, եթե այդ ընթացքում հանրության հետ երկխոսություն չի ծավալվում։  «Մենք հիմա ասում ենք, լավ, հետաձգենք մեկ տարով, այդ ընթացքում մոռանում ենք, զբաղվում ենք ուրիշ գործերով, մեկ էլ մյուս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում, մարդիկ այդ մասին հիշում են նախորդ օրը լուրերի թողարկումից, իրիկունը ժամը 21։00-ին․․․» 

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հետաձգման իմաստն այն է, որ նախ մենք ինքներս ամբողջ խորությամբ գիտակցենք խնդիրը, երկրորդ՝ ներկայացնենք այն մարդկանց, ու մարդկանց փոփոխությունների պատրաստենք։ Վարչապետի կարծիքով՝ այդ փոփոխությունները մեծամասամբ տրամաբանական են, ու խնդիրը միայն այն է, որ կա գործիք, բայց մարդիկ չգիտեն, թե ինչպես այն օգտագործեն։ Նա կոչ է արել այս տարին օգտագործել բացատրական աշխատանքների համար, մարդկանց համոզելու համար, որ տվյալ մեխանիզմը օգտագործվելու է հանուն նրանց բարօրության, այլ ոչ թե ի վնաս նրանց։ Ու առաջարկել է պայմանավորվել, որ այդ հարցն այլևս չեն հետաձգելու։

Դրան ի պատասխան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ որոշման լրացուցիչ տարբերակը ներկայացվելու է կառավարությանը շատ ավելի շուտ, քան մեկ տարի անց։ Նա բացատրել է, որ հետաձգման անհրաժեշտությունն առաջացել էր միայն որովհետև կանոնը չափից արագ էր ներդրվել, ու մարդիկ չէին հասցրել հասկանալ, որ դա իրենց համար օգտակար է։

Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանն էլ առաջարկել է ԱՆ-ին այս հարցում իր գրասենյակի օգնությունը։

Քվեարկության արդյունքներով կառավարությունը հաստատել է մինչև 2019-ի հուլիսի 1-ը դեղերը դեղատոմսերով դուրս գրելու կարգի գործարկման հետաձգումը, բացառությամբ այն դեղերի, որոնք արդեն հիմա դեղատոմսերով են դուրս գրվում։ Դրանցից են հոգեմետ դեղամիջոցները, թմրանյութեր պարունակող դեղամիջոցները ու հակաինֆեկցիոն դեղամիջոցները։

Խոսելով հակաբիոտիկները դեղատոմսով դուրս գրելը շարունակելու անհրաժեշտության մասին՝ նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ դա անհրաժեշտ է հակաբիոտիկների անհիմն գործածման աճող ռիսկերի համատեքստում, ինչը հանգեցնում է հակաբիոտիկների հանդեպ կայունության զարգացման, նաև ընտանիքի ու ամբողջ առողջապահական համակարգի վրա ֆինանսական բեռի ավելացման։

«Ուզում եմ հատուկ շեշտել  որ ուժեղացնելու ենք դեղերի դուրս գրման հսկողական միջոցառումները, որովհետև բողոքներ ենք ստանում, որ դեղատները շարունակում են հակաբիոտիկներ վաճառել առանց դեղատոմսերի»,- ասել է նախարարը։