Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի մոտ 50 բժիշկների աշխատավարձը կբարձրացվի մոտ 40 հազար դրամով, ու դա ընդամենը  մեկ ամսվա աշխատանքի արդյունքն է, հետագայում ծրագրվում է բարձրացնել նաև մնացած բուժանձնակազմի աշխատավարձերը։  Այս մասին հունիսի 28-ի կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, մեկնաբանելով իր ֆեյսբուքյան գրառումը, որը նախօրեին էր արվել։

Նրա խոսքով՝ դրա համար չի ներառվել որևէ լրացուցիչ պետական միջոց, պարզապես «դրանք սկսել են ճիշտ ծախսել»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է հենց այդ կենտրոնում բարձրացվելու աշխատավարձերը, նախարարը նշել է, որ Կենտրոնում փոխվել է տնօրենը, որն էլ հենց կարողացել է անել այս ամենը։ «Մեզ հաջողվել է չփոշիացնել միջոցները ու դրա հաշվին բարձրացնել բժիշկների աշխատավարձերը»,- ասել է նա։

Այն հարցին, արդյոք որևէ մեկը պատիժ կրելու է մսխման համար, Արսեն Թորոսյանը հայտնել է, որ եթե հայտնաբերվեն հիմքեր, նյութերը  կուղարկվեն դատախազություն։  «Հիմա Կենտրոնում իրականացվում է ներքին աուդիտ, ու երբ այն ավարտվի՝ նյութերը կփոխանցվեն»,- ասել է նա։

Տուբերկուլոզի դեմ պայքարի կենտրոնում բժիշկների աշխատավարձը հուլիսի 1-ից կբարձրանա 25-30%-ով. Արսեն Թորոսյան