Առողջապահության բոլոր՝ այդ թվում առաջնային օղակների աշխատանքը պետք է բարելավվի ՝ անկախ դեղատոմսերի մասին որոշումից։ Այս մասին հունիսի 28-ին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, մեկնաբանելով դեղերը դեղատոմսերով դուրս գրելու կարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին որոշումը։ Նա նաև հավելել է, որ արդեն այս տարի հնարավոր է պոլիկլինիկայի բժիշկների աշխատավարձերի բարձրացումը։
Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ դեղերը դեղատոմսերով դուրս գրելը մեկ տարով հետաձգվել է, քանի որ դրա ներդրումը վարքագծային փոփոխություններ է պահանջում։ Իրենց վարքագիծը պետք է փոխեն և բժիշկները, և հիվանդները, և դեղատների աշխատակիցները։ Ու դրա համար նրանց հետ աշխատանքներն են իրականացվելու։ Նա հիշեցրել է, որ հակաբիոտիկները արդեն դեղատոմսերով են դուրս գրվում, ու ԱՆ-ն դրա հիման վրա եզրակացություններ է անելու։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի առաջնային օղակը պատրաստ լինի դեղատոմսեր դուրս գրելուն՝ հաշվի առնելով բժիշկների մեծ ծանրաբեռնվածությունը, նախարարը նշել է, որ բժիշկները այսպես թե այնպես գրանցում են տեղեկություններ նշանակված բուժման մասին։ Պարզապես հենց նոր որոշումը ուժի մեջ մտնի՝ այս ամենը կկարգավորվի ու կբերվի միասնական ձևի։
Ինչ վերաբերում է առողջապահության տարբեր օղակների բարեփոխումներին՝ ապա դրանք կիրականացվեն անկախ դեղերի դուրս գրման մասին որոշումից։ «Եթե մենք խնդիրներ ունենք առաջնային օղակում, մենք դրանք կլուծենք անկախ տվյալ որոշումից։ Ու լուծումները կսկսվեն կարգավորումներից, օրինակ թե քանի հիվանդ կարող է սպասարկել մեկ ընտանեկան բժիշկը, կամ թերապևտը, կամ մանկաբույժը։ Կամ քանի մարդ կարող է սպասարկել նեղ մասնագետը, որպեսզի նրա մոտ չգոյանան հերթեր և այլն։ Կան ստանդարտներ, կան թվեր, մենք հիմա դրանք ուսումնասիրում ենք։ Ու կվերջանան այդ ամենի ֆինանսավորումով, քանի որ այդ ամենը գումարներ արժի»,- ասել է նա ՝ հավելելով, որ միաժամանակ առաջնային օղակի բժիշկների աշխատավարձերը վերանայվելու են դեպի բարձրացում, ընդ որում վերանայումը հնարավոր է արդեն այս տարի՝ այն գումարների կոնսոլիդացման հաշվին, որոնք վերադարձվում են բյուջե, որպես անարդյունավետ ծախսեր։





