Երբ 18-ամյա Նարեկ Հասրաթյանն առաջին անգամ եկավ «Սկարպ» ՀԿ մարզադահլիճ, չէր կարծում, որ ֆիզիկական վարժություններն իր կյանքում ինչ-որ բան կփոխեն: Սակայն արդեն մի քանի օր հետո նա հասկացավ, որ մարզումները, որոնց լուրջ վերաբերվել չէր էլ մտածում, իրեն ամրացնում են եւ ավելի ինքնավստահ դարձնում, եւ սկսեց կանոնավոր կերպով մարզվել: Նարեկը, որը Պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող է, ծնվել է մանկական ուղեղային կաթվածով, ֆիզիկական վարժություններն օգնում են ամրացնել նրա մկանները, քայլվածքն ավելի վստահ եւ հավասար են դարձնում:
Նրա հետ մարզվող մեկ այլ երիտասարդի անունը նույնպես Նարեկ է: Նրա մոտ բնածին ծանրալսողություն է, եւ նա շփվում է ժեստերի լեզվով: Իսկ մարզադահլիճ է հաճախում միանգամայն կոնկրետ սպորտային նպատակներով. Նարեկ Առաքելյանը զբաղվում է բազկամարտով եւ արդեն մեկ անգամ մրցումների է մասնակցել:
Մարզադահլիճ ստեղծելու գաղափարը, որտեղ հաշմանդամությամբ մարդկանց համար մարզվելը հարմարավետ է, նախապես պատկանել է Աշոտ Մկրտչյանին: Շատ տարիներ առաջ նա վթարի է ենթարկվել եւ վնասել ողնաշարը: Առավել արագ վերականգնվելու համար նա մարզումների կարիք ուներ, ուստի նրա բնակարանում սկսեցին հայտնվել նորանոր մարզասարքեր, որոնց վրա հաշմասայլակով մարդուն հարմար կլիներ մարզվել: Ավելի ուշ միտք ծնվեց, որ Հայաստանում մեծ թվով հաշմանդամությամբ այլ մարդիկ կան, որոնց անհրաժեշտ է մարզվել: Այսպես հայտնվեցին «Սկարպ» ՀԿ-ն եւ մարզադահլիճը, որը հասանելի է հաշմանդամությամբ բոլոր մարդկանց եւ սարքավորված է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:
Այստեղ մարզասարքերի մեծ մասը հարմարեցված է հաշմասայլակով մարդկանց համար: Մարզիչ Կարեն Վարդազարյանը վերապատրաստում է անցել հաշմանդամությամբ մարդկանց հետ ճիշտ աշխատելու համար. նա յուրաքանչյուր այցելուի համար մարզումների անհատական ծրագիր է կազմում, որն այնպիսի վարժություններ է ներառում, որոնք նրան օգուտ կտան:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սկարպ» ՀԿ ծրագրերի համակարգող Անի Հարությունյանը, տարեկան մարզադահլիճ է հաճախում հաշմանդամությամբ մոտ 300 մարդ, նրանց հետ միասին նաեւ հաշմանդամություն չունեցողներ: Նրանք միասին են մարզվում, շփվում, հաճախ սկսում ընկերանալ նաեւ մարզադահլիճից դուրս: Սա հնարավորություն է տալիս, որ հաշմանդամությամբ մարդիկ ավելի լավ ինտեգրվեն հասարակությանը եւ նրանց առջեւ նոր հնարավորություններ է բացում:
Մարզադահլիճն աշխատում է երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ, իսկ հաշմանդամությամբ մարդկանց համար մարզումներն անվճար են: Գրանցվելու համար անհրաժեշտ է «Սկարպի» գրասենյակ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ 010 35 02 91:





