Շվեդիայի թագավորությունը Հայաստանի Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնին 1.5 միլիոն եվրո արժողությամբ գծային արագացուցիչ է նվիրել։ Նվիրատվության արարողությանը մասնակցել են Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ Շվեդիայի առեւտրի նախարար Էվա Բյորլինգը։

Ինչպես լրագրողներին պատմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը, այս սարքը քաղցկեղների ճառագայթային բուժման համար նախատեսված այլ սարքերից տարբերվում է նրանով, որ ճառագայթները նպատակային ուղղում է քաղցկեղի օջախի վրա, իսկ շրջակա հյուսվածքները չեն վնասվում, ինչի հետեւանքով բուժման արդյունավետությունը բարձրանում է։

«Կարծում ենք, որ սարքի կիրառումը զգալիորեն կբարելավի հիվանդների ճառագայթային բուժման արդյունքները», - ասել է կենտրոնի տնօրենը։

Նա նաեւ նշել է, որ սարքը բավական թանկարժեք է՝ մոտ 1.5 եվրո արժե, սակայն Հայաստանը ստացել է այն տեխնիկական համագործակցության շրջանակներում եւ ոչ մի կոպեկ դրա համար չի վճարել։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Գալստյանի խոսքով, այս սարքը ստացել է մոտ 2-3 ամիս առաջ, եւ այս ժամանակը օգտագործվել է սարքի սենյակը նորոգելու եւ բոլոր անվտանգության պայմաններն ապահովելու համար։ Քանի որ գծային արագացուցիչը հզոր ճառագայթման աղբյուր է, հարկավոր էր այնպես անել, որ դրա արձակած ճառագայթները շենքից դուրս չթափանցեն եւ չվնասեն ոչ բժիշկներին, ոչ այլ մարդկանց։

Շվեդիայի ներկայացուցչին Հայրապետ Գալստյանը պատմել է այն մասին, որ հիվանդների մի մեծ խումբ արդեն սպասում է բուժման՝ այս սարքի միջոցով։ Երկուշաբթի օրվանից՝ հունիսի 16-ից սարքը սկսելու են կիրառել, իսկ բժիշկներն օրվա ընթացքում երեք հերթափոխով են աշխատելու, որպեսզի ամեն ինչ հասցնեն։