Ռոուդեն Գոն (Rowden Go) վաղուց էր մտադիր ընկերուհու` Լեյզել Մեյի (Leizel May) հետ այս տարի ամռանը` հուլիս ամսին ամուսնանալ, սակայն մայիսի վերջին օրերին նրան անկանխատեսելի ու սարսափելի նորություն էր սպասում` բժիշկները լյարդի` զարգացման չորրորդ փուլում գտնվող ագրեսիվ քաղցկեղ էին հայտնաբերել, պատմում է Huffington Post-ը:
Ռոուդենի առողջությունը օր առ օր տեղի էր տալիս, եւ մի օր հասկացավ, որ դժվար թե մինչեւ հուլիս կենդանի մնա: Սակայն նա այնքան էր ցանկանում ընտանիք կազմել Լեյզելի հետ, որ խնդրեց` տեղափոխել ամուսնության օրը: Ռոուդենը մեկ այլ ցանկություն եւս ուներ. բոլոր ընկերները, մերձավորներն ու Լեյզելից ծնված երկու տարեկան դուստրն անպայման պետք է ներկա գտնվեին…
Իրար անցած հարազատներն ու ընկերները 12 ժամվա ընթացքում հարսանիք կազմակերպեցին, եւ քանի որ Ռոուդենը շատ թույլ էր` հիվանդանոցը լքելու համար, հարսը, հյուրերն ու հոգեւորականը փեսային հիվանդասենյակում հավաքվեցին: Հունիսի 11-ին Գոն եւ նրա ընկերուհին` Լեյզելը ամուսին ու կին դարձան, իսկ հարսանիքից 10 ժամ անց ամուսինն այլեւս կենդանի չէր…
Հարսանիքի` վերջերս Youtube կայքում Ռոուդենի եղբոր կողմից տեղակայված հուզիչ տեսանյութն արդեն ավելի քան 5 մլն դիտում է ապահովել:





