Վնասի նվազեցումը ժամանակակից աշխարհում հանրության յուրաքանչյուր անդամի առողջության պահպանման անչափ կարեւոր հայեցակարգ է: Այն ուղղված է ոչ թե առողջության համար վնասակար վարքագծի արգելմանը, այլ վնասակար հետեւանքների նվազեցմանը եւ վարքագիծն ավելի անվտանգ դարձնելուն:

Վնասի նվազեցման խնդրին է նվիրված Հայաստանում առաջին ԲԻԼ գիտաժողովը, որը կազմակերպել էր Երեւանի Պետական բժշկական համալսարանի երիտասարդական խորհրդարանը:

Գիտաժողովի կազմակերպիչ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ գիտաժողովին մասնակցում են Հայաստանից եւ արտերկրից 400-ից ավելի փորձագետներ, բժիշկներ եւ ուսանողներ: Քննարկելու են յոթ կարեւոր թեմա։

«Առաջինը՝ technological footprint, այսինքն՝ մենք ինչպես ենք օգտագործելու տեխնոլոգիաները եւ ինչպես ենք դրանք ստեղծելու, որ բնությունը չաղտոտենք: Երկրորդ թեման է ալկոհոլը»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

«Երրորդ թեման սնունդն է, ճիշտ սնվելը, այնուհետեւ ծխախոտը, որը հիմա ամենախնդրահարույց թեման է Հայաստանում: Հաջորդը՝ սպորտային ապրելակերպը, հոգեկան առողջությունը»,- ասաց նա:

Այս գիտաժողովի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մարդիկ այստեղ ոչ թե պարզապես հավաքվում եւ ինչ-որ խնդիրներ են քննարկում, այլ փնտրում են դրանց լուծումները, մշակում նոր նախագծեր, ծրագրեր, որոնք կօգնեն հասնել ցանկալի արդյունքի, տվյալ դեպքում՝ հասարակությանն ավելի առողջ դարձնել վնասի նվազեցման հայեցակարգի արդյունավետ օգտագործման շնորհիվ:

Այսօր այս հայեցակարգին լուրջ ուշադրություն է դարձվում աշխարհի շատ երկրներում: Հայ գործընկերներին Ղազախստանի փորձն է փոխանցում Բահիթ Տումենովան, որը ղեկավարում է «Առողջություն եւ բարեկեցություն» ՀԿ-ն: Նրա խոսքով՝ վնասի նվազեցումը ոչ միայն օգնում է պահպանել մարդկանց առողջությունը, այլեւ երկրներին զգալի տնտեսական օգուտ է տալիս:

Ընդհանրապես, արգելքներն առանձնապես արդյունավետ չեն, ընդգծում է Բահիթ Տումենովան: Նա հիշեցնում է, որ աբորտի արգելքների պատճառով մարդիկ սկսեցին ապօրինի աբորտներ անել, ինչը հանգեցրեց մահվան դեպքերի աճի, իսկ ոգելից խմիչքի արգելքները, այսպես կոչված «գորբաչովյան շրջանում», բերեցին անօրինական վտանգավոր ըմպելիքների ի հայտ գալուն, որոնք մարդկանց առողջությանը ավելի մեծ վնաս հասցրին: Հենց այս պատճառով ժամանակակից հանրության ընտրությունը վնասը նվազեցելն է, այլ ոչ թե արգելքը:

Փորձագետի խոսքով՝ վնասի նվազեցման հայեցակարգի շրջանակում անչափ կարեւոր է պայքարել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ, որոնք ահռելի թվով մարդ են սպանում եւ զարգանում են անառողջ ապրելակերպի հետևանքով:

«2008 թվականից մեզ մոտ՝ Ղազախստանում գործում է պիլոտային նախագիծ, որի շրջանակում թմրամիջոցներ օգտագործող մարդկանց մեթադոն են տալիս՝ որպես փոխարինող թերապիա: Որոշ ծառայություններ, մասնավորապես իրավապահները, բացասաբար են վերաբերվում այս ծրագրին, ասում են, որ մեթադոնը նույնպես թմրամիջոց է: Բայց իրականում այն ավելի քիչ վտանգներ է պարունակում, քան այլ թմրամիջոցները, այն մարում է կախվածությունը, եւ մարդը մեթադոնի ազդեցության տակ թմրած վիճակում չի լինում, նա չի դիմում հանցագործության, սոցիալականացվում է», - ասաց նա։

Գիտաժողովում ալկոհոլի հետեւանքով վնասի նվազեցման մասին խոսեց Անի Մուրադյանը:

«Խոսելու եմ գինու մասին, թե որքանով է այն ավելի առողջարար տարբերակ ալկոհոլային խմիչքների շարքից, եւ ինչով է գինու մշակույթը փոխում մտածելակերպը խմելու մասին, որ ոչ թե խմենք հարբելու համար, այլ խմենք ավելի դանդաղ, հասկանալով: Իմ քարոզը դա է՝ խմել ավելի քիչ ալկոհոլ ու ավելի առողջարար խմիչք, նախ վնասն ավելի քիչ կլինի, ապա խմել վայելելու եւ պրոցեսը արժեւորելու համար, եւ ոչ թե հարբելու»,- ասաց նա:

Գիտաժողովում անդրադարձան նաեւ գիտության, կրթվածության եւ վնասի նվազեցման միջեւ կապին։ Այս թեմայով հանդես եկավ նեյրոգիտությամբ՝ ուղեղի եւ նյարդային համակարգի աշխատանքի ուսումնասիրության գիտությամբ զբաղվող գիտնական Վիկտոր Կոմարենկոն:

«Ես խոսելու եմ այն մասին, թե կրթվածությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ այն հանգամանքի վրա, թե ինչպես ենք մենք կարողանում վերացնել կամ նվազեցնել մեզանից յուրաքանչյուրի վրա շրջակա միջավայրի վնասակար որեւէ ազդեցություն։ Իսկ հատկապես խոսելու եմ այն մասին, թե ինչպես կարելի է հաջողակ լինել միայն այն պատճառով, որ մենք գիտենք՝ ինչպես մեզ պահել տարբեր իրավիճակներում՝ աշխատավայրում, տանը, ցանկացած իրադրությունում: Սա որեւէ խնդիր կատարելիս մեծացնում է նաեւ մեր արդյունավետությունը եւ պահպանում է մեր մտավոր առողջությունը»,- ասաց նա։

Գիտաժողովում քննարկված եւս մեկ կարեւոր թեմա էր ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցության վնասի նվազեցումը:

«Առողջ ապրելակերպը բոլոր իր ուղղություններով՝ թե՛ սովորույթներով, թե՛ առողջ սննդով, թե՛ պատվաստումների տեսանկյունից, ծխելու դեմ պայքարը, այս բոլորը հույժ կարեւորություն ունեն այսօր հասարակության համար, ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհով մեկ: Բայց մենք կարծես թե չենք ուզում նկատել մի ուղղություն, որը ինչքան պիտանի է մարդկության համար, այնքան էլ ունի լուրջ սպառնալիքներ: Մասնավորապես՝ վիրտուալ կյանքը, որը մեր շուրջ զարգանում է, եւ մեր երեխաները կարծես թե պարզ շփումից անցնում են վիրտուալ շփմանը: Եթե նայենք մի փոքր առաջ, 25-50 տարվա կտրվածքով, մեծ հավանականությամբ, իր օգտավետությունը կարող է լինել լրջագույն մարտահրավեր մարդկությանը:

Ուրախ եմ, որ այսօր ուսանողությունը ինքն է բարձրացնում այս խնդիրները եւ առաջարկում լուծումներ: Համոզված եմ, որ հարյուրամյակի շեմին Բժշկական համալսարանի ուսանողությունը կկարողանա կերտել այնպիսի հարթակ, որ միջազգային ասպարեզում կարողանա արժանապատիվ ներկայացնել հայկական մտքի թռիչքը»,- ասաց Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: