«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այլ երկրներից Հայաստան եկած ուղեւորներին խնդրում են լրացնել թերթիկներ այն մասին, թե որտեղից են եկել, ինչ նպատակով եւ որտեղ են ապրելու։ Այս մասին լրագրողներին պատմել է Յան ազգանունով մի տղամարդ, որն այսօր է եկել Հայաստան Շանհայից Ռուսաստանով, տարանցիկ չվերթով։

Նրա խոսքով՝ նրան օդանավակայանում նաեւ հարցրել են, թե արդյոք ջերմություն կամ ՍՇՎ այլ ախտանշաններ, ասենք՝ հազ, չունի։ Յանը նաեւ նշել է, որ չի նկատել, թե ինչպես եւ երբ են չափել նրա ջերմությունը, գուցե դրա համար օգտագործել են ինչ-որ հեռահար սարք։

Շանհայի օդանավակայանում, ըստ նրա, ուղեւորներին նույնպես ստուգում էին. բոլորին խնդրում էին հանել դիմակները, հատուկ սենսորով չափում էին նրանց ջերմությունը, նրանք պետք է տեղեկություն տային իրենց մասին, նշեին, որ Ուհան քաղաքից չեն, որը համարվում է կորոնավիրուսային վարակի բռնկման էպիկենտրոնը։

Յանի խոսքով՝ Չինաստանում ոչ մի խուճապ չկա այդ վարակի պատճառով։ Նրանց այնտեղ ոչ ոք չի ստիպում դիմակներ կրել, բայց կառավարությունը խորհուրդ է տալիս դա անել վարակի տարածումից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ Չինաստանում գրանցվել է 2019-nCoV նոր կորոնավիրուսի բռնկում, որն սպանել է արդեն 170 մարդու եւ վարակել ավելի քան 7500-ին։ Վարակի տարածումը կանխելու համար չինական շատ քաղաքներ փակ են, իսկ շատ երկրների օդանավակայաններում, այդ թվում եւ Հայաստանի օդանավակայանում, ուժեղացված է վերահսկողությունը. չափում են բոլոր ուղեւորների ջերմությունը, իսկ Չինաստանից եկածների հանդեպ սահմանվում է 14-օրյա հսկողություն, անգամ եթե նրանք իրենց լավ են զգում։