Չինաստանից վերադարձած Հայաստանի քաղաքացուն քշել են երեւանյան պոլիկլինիկաներից մեկից, նրա հետ շփվել շարունակել են պատուհանի հակառակ կողմից։ Այս մասին նա պատմել է տեղի լրագրողներին։

Մեկնաբանելով միջադեպը՝ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստովանել է, որ խիստ զարմացած է, եւ որ պոլիկլինիկայի բժիշկների նման պահվածքն անթույլատրելի է։

«Նման բաներն անթույլատրելի են։ Բուժանձնակազմը պետք է զբաղվի ախտորոշմամբ եւ բուժմամբ։ Հույս ունեմ, որ սա ընդամենը եզակի դեպք է եւ չի կրում համատարած բնույթ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ պոլիկլինիկաների ղեկավարներին այսօր հանձնվել են կարգադրություններ, թե ինչպես պետք է աշխատեն կորոնավիրուսի սպառնալիքի պայմաններում, ինչպես նաեւ ԱՀԿ վերջին ուղեցույցների հայերեն թարգմանությունները վիրուսի դեմ պայքարի վերաբերյալ։ Բացի այդ, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը սերտորեն աշխատում է բոլոր բժշկական հաստատությունների հետ, որպեսզի թույլ չտա վիրուսի տարածումը երկրում։

Այսօրվա դրությամբ մոտ 20-30 մարդ Չինաստանից ամեն օր գալիս է Հայաստան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով։ Նրանց մեծ մասը հայեր են։ Օդանավակայանում չափում են բոլոր ուղեւորների ջերմությունը հեռահար ջերմաչափի օգնությամբ, անկախ այն բանից, թե որ երկրից է նա եկել։ Իսկ Չինաստանից եկածների հանդեպ հաստատվում է 14-օրյա հսկողություն, քանի որ կորոնավիրուսի վարակը ունի գաղտնի շրջան եւ կարող է ի հայտ չգալ 2 շաբաթվա ընթացքում։

Կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստեր երկրում առայժմ չկան, բայց դրանք նախատեսվում է ձեռք բերել շուտով։ Իսկ մինչ այդ 2019-nCoV կորոնավիրուսի կասկածի դեպքում պացիենտների կենսաբանական նմուշները կարելի կլինի ուղարկել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների կամ Ռուսաստանի լաբորատորիաներ։

Նշենք, որ ներկա պահին Հայաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հաստատված դեպք չի եղել։ Պացիենտներ, որոնց կասկածում են այդ վիրուսն ունենալու մեջ, առայժմ նույնպես չկան։