Կազմակերպություններում, որոնք կարող են COVID-19 համավարակի պատճառով կարանտինի շրջանակում իրենց գործունեությունը վերսկսել, անհրաժեշտ է հետեւել մի շարք կանոնների՝ աշխատակիցների եւ հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության եւ աշխատանքի տեսչության առողջության եւ անվտանգության ապահովման բաժնի պետ Աշոտ Հարությունյանը:

Գործատուն, մասնավորապես, պարտավորվում է.

  • Ապահովել անհրաժեշտ պայմաններ, որ աշխատակիցները կարողանան պարբերաբար ձեռքերը մանրակրկիտ լվանալ:
  • Իրենց աշխատակիցների համար ապահովել ջրի, օճառի, սպիրտ պարունակող հակասեպտիկների եւ դիմակների հասանելիություն: Կազմակերպությունում 10 աշխատակցի համար պետք է լինի հոսող ջրի գոնե մեկ ծորակ:
  • Հաճախորդների հետ անմիջաբար շփվող աշխատակիցները պետք է դիմակներ կրեն:
  • Կազմակերպությունում պետք է լինեն աղբի փակվող դույլեր, որ հնարավոր լինի դրանց մեջ գցել օգտագործված դիմակները:
  • Օրը երկու անգամ պետք է չափել յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը՝ օգտագործելով կա՛մ հեռաչափ ջերմաչափեր, կա՛մ յուրաքանչյուրի համար առանձին ջերմաչափ: Չափումների արդյունքները անհրաժեշտ է գրանցել հատուկ մատյանում:
  • Մակերեւույթների ախտահանման համար անհրաժեշտ է օգտագործել սպիրտի 60-70 տոկոս պարունակությամբ կամ քլորի հիմքով հակասեպտիկներ:
  • Անհրաժեշտ է օրը նվազագույնը 2 անգամ ախտահանել բոլոր այն մակերույթները, որոնց մեծ թվով մարդիկ են հպվում:
  • Աշխատակիցների աշխատատեղերը պետք միմյանցից հեռու լինեն գոնե 2 մետր:
  • Աշխատակիցներին անհրաժեշտ է ապահովել հատուկ պահարաններով՝ անձնական իրերի եւ դրսի հագուստի համար:
  • Հնարավորինս սահմանափակել աշխատակիցների ուղեւորություններն ու գործուղումները:
  • Եթե աշխատակիցները բացակայում են ՍՇՎ ախտանիշների պատճառով, նրանց բացակայությունը հարգելի համարել:
  • ՍՇՎ ախտանիշներով աշխատակիցներին թույլ չտալ աշխատանքի ներկայանալ:
  • Եթե ախտանիշները ի հայտ են եկել աշխատավայրում, աշխատակցին մեկուսացնել եւ հայտնել առողջապահության նախարարություն:
  • Եթե աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերեն կորոնավիրուսային ինֆեկցիա, պարզել նրա շփումների շրջանակը եւ հայտնել առողջապահության նախարարություն, ինչպես նաեւ ախտահանել բոլոր մակերեւույթները, որոնց կարող էր հպվել վարակված աշխատակիցը:
  • Անհրաժեշտության դեպքում ապահովել ինքնամեկուսացած աշխատակիցների հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Սահմանել աշխատանքային ճկուն աշխատաժամանակ 60-ն անց աշխատակիցների, շաքարային դիաբետի նման քրոնիկական հիվանդություններով մարդկանց, ինչպես նաեւ երեխաներ ունեցող աշխատակիցների համար: