Այս մի քանի ժամը 25-ամյա Ալիսան դժվար թե երբեւէ մոռանա: Արդեն սկսված ցավերը, գիշերը, սլացող մեքենան, պայթյունները․ թշնամու արկերը միայն հրաշքով չհարվածեցին մեքենային:
Ալիսան սեպտեմբերի 29-ի երեկոյան ստիպված էր մեկնել Ստեփանակերտից: Արցախի մայրաքաղաքը գտնվում էր ադրբեջանական զինուժի կրակահերթի տակ, իսկ կնոջը, ով այդ ժամանակ 37 շաբաթական հղի էր, պետք էր ապահով տեղ հասնել:
Ակտիվիստների օգնությամբ Ալիսան եւ մի քանի այլ մարդիկ Ստեփանակերտից հասան Երեւան, որտեղ նրանք տեղավորվեցին հոգատար մարդկանց տրամադրած տանը: Ալիսային տեղափոխեցին «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
Այդ օրը հերթապահը մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանն էր: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ հղի կնոջը շտապօգնության մեքենայով ակտիվիստներն են բերել: Ծննդկանի հոգեբանական վիճակն այդ պահին ծանր էր, նա ապակողմնորոշված էր եւ այնքան էլ լավ չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Կնոջը զննել են եւ տեղափոխել վիրաբուժական սենյակ, քանի որ կեսարյան հատման ցուցումներ են եղել:
Փոքրիկ Արարատը ծնվել է սեպտեմբերի 30-ին, առավոտյան ժամը 6-ին: Նրա քաշը 2600 գրամ էր, հասակը՝ 46 սանտիմետր: Նրան կոչել են հոր անունով, ով այժմ առաջնագծում է:
Հաջորդ օրը Արցախից ժամանած եւս երկու կանայք են ծննդաբերել այս բուժկենտրոնում: Բոլոր երեք նորածինները՝ երկու տղա եւ մեկ աղջիկ, ըստ մասնագետների, առողջ են եւ իրենց լավ են զգում:
Ինչպես նշեց բժշկական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ուրումյանը, երկրում ռազմական դրություն մտցնելուց հետո բուժկենտրոնի անձնակազմն աշխատում է օրական 24 ժամ, իսկ վիրաբուժական բաժանմունքի մահճակալների կարողությունը բարձրացել է 30 մահճակալով: Այստեղ անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում Արցախից ժամանած եւ հղի կանանց, եւ վիրավոր զինվորներին: Թե նրանք, թե մյուսները, ըստ տնօրենի, ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով եւ ոչնչի կարիք չունեն:
«Հիմա մեզ միայն մեկ բան է պետք՝ հաղթանակ, որպեսզի այս նորածիններն ապրեն խաղաղ երկնքի տակ»,- ասաց բժշկական կենտրոնի տնօրենը:





