Հայաստանի սահմանը հատելիս ՊՇՌ մեթոդով կորոնավիրուսի ախտորոշման անալիզ հանձնելու պահանջը բիզնես ենթատեքստ չունի. այս պայմանն անհրաժեշտ է համավարակը զսպելու համար: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հայաստանից մեկնող կամ երկիր ժամանող մարդիկ ստիպված են կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել, որն արժե մոտ 15 հազար դրամ: Եթե մարդը կարճ ժամանակով է մեկնում, հետո վերադառնում, ստիպված է 30 հազար դրամ վճարել 2 թեստի համար: Իսկ եթե մարդը նման ուղեւորություններ է կատարում շաբաթական երկու անգամ, ապա նա ստիպված է թեստավորման համար շաբաթական ծախսել մոտ 60 հազար դրամ:

Անահիտ Ավանեսյանը տեղի ունեցողի մեջ բիզնես ենթատեքստ չի տեսնում: Նրա խոսքով՝ այս մոտեցումն, իհարկե, քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծում, բայց այն անհրաժեշտ է վիրուսի տարածումը կանխելու համար:

«Աշխարհը փորձում է համավարակի պայմաններում վերադառնալ բնականոն կյանքի: Անհնար է սահմանները տարիներով, ամիսներով փակ պահել, ուստի մարդիկ լուծում են որոնում: Դրանցից մեկը ՊՇՌ մեթոդով թեստավորումն է»,- ասաց նախարարը:

Այն հարցերին, թե ինչպե՞ս է թեստավորումը զսպելու վիրուսի տարածումը, եթե մարդկանց մեծամասնությունը դիմակ չի կրում ո՛չ թեստավորման հերթերում, ո՛չ օդանավակայանում՝ պոտենցիալ վարակելով մեկը մյուսին, նախարարը պատասխանեց, որ Հայաստանում դիմակի կրումը պարտադիր է, եւ որ փակ տարածքներում հատկապես կարեւոր է կանխարգելման բոլոր կանոններին հետեւելը: