Որոշ մարդիկ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինների եւ մասունքների նույնականացման համար արվող ԴՆԹ փորձարկումների համար նմուշները նախընտրում են արտերկիր ուղարկել: Նման դեպքերը շատ չեն, բայց դա մարդկանց իրավունքն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ուղարկում են, մենք եւս աջակցում ենք, որ ամբողջ պրոցեսը արագ կազմակերպվի, եւ մարդիկ ունենան պատասխաններ», - ասաց նա:
«Մինչեւ այս պահը արտերկրում իրականացված փորձարկումների եւ մեր կողմից իրականացված փորձարկումների արդյունքները իդենտիկ նույնն են եղել»,- ավելացրեց նախարարը:
Հիշեցնենք, որ մարտի 22–ի դրությամբ՝ արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց 2147 մարմիններ և մասունքներ են նույնականացվել, իսկ 244 մարմիններ և մասունքներ չեն նույնականացվել:
Նշենք նաեւ, որ բազմաթիվ են դեպքերը, երբ զոհված զինծառայողների ծնողները կասկածի տակ են դրել ԴՆԹ նույնականացման արդյունքների արժանահավատությունը և պահանջել կրկնակի հետազոտություն իրականացնել։ Ոմանք էլ, չվստահելով հետազոտության արդյունքներին, կենսաբանական նմուշներն ուղարկել են արտերկիր։ Մեր տեղեկություններով՝ զոհված զինծառայողների և նրանց հարազատների ԴՆԹ նույնականացման հետազոտություններն իրականացնող ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կոնտրոն» ՊՈԱԿ–ն առաջիկայում պատրաստվում է զոհերի շուրջ 80 մասունք արտասահման ուղարկել, քանի որ դրանք չափազանց վնասված են և Հայաստանում առկա սարքավորումներով հնարավոր չէ իրականացնել դրանց նույնականացումը։





