Հաջորդ շաբաթ Հայաստանը կստանա կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի 100 000 դեղաչափ՝ նախատեսված 50 000 պացիենտի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, պատվաստանյութը Հայաստանը ստացել է որպես նվիրատվություն եւ կազմակերպել է միայն դրա տեղափոխումը:

Նախատեսվում է ձեռք բերել նաեւ Novovax պատվաստանյութ, որի հետ կապված կա նախնական համաձայնություն, բայց մատակարարման ժամկետների եւ գնի մասով պայմանագիր դեռ չկա:

Ինչ վերաբերվում է «Sputnik V» պատվաստանյութին, դրա ավելի մեծ խմբաքանակներ ձեռք բերելու ուղղությամբ են աշխատանքներ տարվում: 2 օր առաջ Հայաստանը ստացել է 14 000 հոգու համար նախատեսված խմբաքանակ, ապագայում ակնկալվում են նաեւ այլ խմբաքանակներ:

Ինչպես նշեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, «Sputnik V»-ի՝ Հայաստանում համատեղ արտադրություն սկսելու հնարավորությունները պետք է հետազոտել, քննարկել ռուս գործընկերների հետ եւ հասկանալ, «ինչ չափով, որ կոմպոնենտներով արտադրությունը հնարավոր կլինի այստեղ կազմակերպել»: