Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը ապրիլից հասանելի են Հայաստանում, ավելին, արվում է ամեն ինչ, որ պատվաստվելը մարդկանց համար հեշտ ու հարմար լինի՝ ոչ միայն պոլիկլինիկաներում, այլ նաեւ շարժական կետերում: Սակայն, այս պահի դրությամբ, կորոնավիրուսի դեմ պատվաստված է երկրի բնակչության մոտ 17 տոկոսը, եւ ցանկալի արդյունքներից մենք դեռ շատ հեռու ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը:
Նրա խոսքով, պատվաստումները վիրուսի տարածումը ամբողջապես կանխել չեն կարող, բայց դրանք կանխում են ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերը: Պատվաստված մարդիկ հիվանդանում են ավելի հազվադեպ, սովորաբար հիվանդությունը ավելի թեթեւ են տանում, վերակենդանացման բաժանմունքում բուժման կարիք հազվադեպ են ունենում, ծանր, ծայրահեղ ծանր եւ մահվան դեպքեր հազվադեպ են գրանցվում:
Սակայն հակապատվաստումային քարոզչությունը, մասնագետի խոսքով, խանգարում է հասնել պատվաստումների բավականաչափ ծածկույթի: Հաճախ հասկանալի չէ, թե հակաքարոզչություն իրականացնողներն իրականում ինչ նպատակներ ունեն, մանավանդ եթե դրանք բժիշկներ են:
«Ես չեմ պատկերացնում, ոնց կարող է մի մարդ, ով բժշկական կրթություն ունի, բժիշկ է, հակաքարոզչություն իրականացնի, սակայն, ցավոք սրտի, դա էլ ունենք: Ոչ մասնագետների մասին էլ չխոսեմ. որ սոցիալական ցանցը բացում եք, որ տպագիր մամուլը բացում եք, անպայման ինչ-որ տնայնագործ անասնաբույժ, կենսաբան կսկսի բացատրել, որ պատվաստումները անհեթեթ ինչ-որ ազդեցություններ ունեն: Հիմնական այդ ապատեղեկատվությունը ընդամենը 4-5 տեղից է դուրս գալիս եւ շրջանառվում ամբողջ աշխարհում: Բայց ցավոք սրտի որոշ երկրներում, այդ թվում մեր մոտ այն մեծ թափ ունի», - ասաց մասնագետը:
Նրա խոսքով, պատվաստումների հակաքարոզչություն իրականացնողների հետ բանավիճելն անիմաստ է, քանի որ նրանցից շատերը շատ լավ գիտեն, որ սխալ են, սակայն շարունակում են ապատեղեկատվություն տարածել: Ոմանք էլ այնքան ոչ տրամաբանական բաներ են ասում, որ նրանց հետ ինչ-որ բան քննարկելը ուղղակի անլուրջ է:
«Շատ դեպքերում գիտությունից, տրամաբանությունից այնքան հեռու բաներ են ասում, որ այստեղ քննարկելու բան չկա: Չիպավորման մասին ի՞նչ քննարկես: Քանի՞ անգամ բացատրես, որ դա անհեթեթություն է, դրա մասին խոսելն ավելորդ է: Ի՞նչ չիպ, ո՞նց չիպավորես, ինչի՞ մասին ենք խոսում: Ի՞նչը քննարկես: Ինչի՞ ինչ-որ բժիշկի հետ դեռ պիտի քննարկենք, որ պատվաստումը «ռակ» չի առաջացնում: Ի՞նչը քննարկենք էստեղ», - ասաց մասնագետը:





