Մեր բաժանմունքն այս ամիս ընդունել է 300 երեխայի, որոնցից մի քանիսը հոսպիտալացվել են շնչառական վիրուսային վարակների պատճառով։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական №2 կլինիկայի ղեկավար, մանկաբույժ Մարի Դարակչյանը։
«Այս խմբում կարելի է ներառել կորոնավիրուսով վարակվածնեին, քանի որ օգոստոսից հիվանդացության հետ կապված ակտիվություն է նկատվում, դիմումների թիվն ավելացել է։ Հուլիսին արդեն աճի միտում կար։ Այժմ մենք քովիդով օրական 3-4 հիվանդ ենք ընդունում»,- նշեց նա։
Դարակչյանը պարզաբանեց, որ երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, ուղեկցվում է թունավորման ախտանիշներով, բարձր ջերմությամբ, որոշ դեպքերում՝ կորոնավիրուսի վարակին բնորոշ լուծի եւ փսխման ախտանիշներով։
«Այժմ, ի տարբերություն կորոնավիրուսի նախորդ ալիքների, երեխաները հիմնականում արագ են բուժվում եւ արագ ապաքինվում։ Այս փուլում հիվանդությունը կարճատեւ է լինում, եւ մարմնի ջերմաստիճանի նվազմանը զուգընթաց անհետանում են նաեւ մնացած բոլոր ախտանիշները»,- տեղեկացրեց բժիշկը։
Նա խորհուրդ տվեց վիրուսային հիվանդությունների դեպքում հիվանդ երեխաներին մեկուսացնել առողջներից, երեխաներին չտանել փակ վայրերում մարդաշատ միջոցառումների, ընդունել առողջ սնունդ եւ շատ հեղուկներ, վարել առողջ ապրելակերպ։
«Ախտանիշների ի հայտ գալու դեպքում պետք է դիմել բնակության վայրի մանկաբույժին, որն առանց դեղամիջոցային միջամտության կարող է կարգավորել երեխայի առողջական վիճակը՝ ավելի ծանր վիճակում նրան հոսպիտալացնելուց խուսափելու համար»,- ընդգծեց Դարակչյանը։
Նա նշեց, որ տաք եղանակի, սննդամթերքը ոչ ճիշտ պահելու եւ այլ գործոնների պատճառով սեզոնին բնորոշ աղիքային վարակների աճ է դիտարկվում։





