Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ) և ներկա գտնվել նոր՝ Պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈւԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը:

Վարչապետ Փաշինյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կլինիկայում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին։

Պատասխանատուները Կառավարության ղեկավարին ներկայացրել են կլինիկայի գործունեության ուղղություններն ու ծրագրերը. զեկուցվել է, որ ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած Պալիատիվ ծառայության կլինիկան համապատասխանում է հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին և պատրաստ է մատուցել որակյալ ու հասանելի բժշկական ծառայություններ:

Նշվել է, որ հիմնական մասնաշենքի արդիականացման նպատակով իրականացվել են մեծածավալ շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքներ, մատուցվելու են նոր ծառայություններ, որոնց մի մասը բացառիկ է Հայաստանի համար:
.jpg)
Պալիատիվ ծառայության կլինիկան ունենալու է 26 հիվանդասենյակ՝ 30 մահճակալով, առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմ, որն աշխատելու է ոչ միայն պացիենտի, այլև հարազատների հետ, աշխատակազմը ներառում է 45 հաստիք: Ընդհանուր կապիտալ ներդրումը կազմում է 306 մլն ՀՀ դրամ, որն իրականացվել է ՈւԱԿ-ի խնայողությունների հաշվին:



Վարչապետը նաև այցելել է ՈւԱԿ-ի նոր տեխնոլոգիական մասնաշենքի շինհրապարակ, ծանոթացել կառուցապատման ընթացքին։ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում կատարված աշխատանքների վերաբերյալ։


Կառավարության ղեկավարի ներկայությամբ հանդիսավորությամբ բացվել է նաև ՈւԱԿ-ի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան գիտաուսումնական կոնֆերանս դահլիճը։


«Նույնիսկ ինձ համար հաճելիորեն անսպասելի էր, որ մենք պետական առողջապահական հիմնարկ ասելով այլևս կարող ենք հասկանալ նման ենթակառուցվածք և երևույթ, և իհարկե, մեր պատկերացումն այն է, որ մենք պետք է հավասարաբար աջակցենք և’ պետական, և’ մասնավոր հատվածին, որպեսզի նաև ինչ-որ առումով մրցակցություն հարուցենք, որպեսզի նրանց ճիշտ, ազնիվ, արդար մրցակցության պայմաններում կարողանանք ոլորտի զարգացում ունենալ։
Ուրախությամբ եմ նշում, որ առողջապահության ոլորտի և’ պետական, և’ մասնավոր ընկերությունները, կազմակերպությունները նաև խոշոր հարկատուների ցուցակում են հայտնվում, ինչը չափազանց կարևոր է, որովհետև այդ բյուջետային մուտքերը նաև այդ թվում ծառայում են առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, իհարկե, մեր երկրի կարևորագույն առողջապահական ինստիտուտներից, հաստատություններից է, և մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ իսկապես ուռուցք ունենալը դատավճիռ չէ, և մանավանդ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման այս տեմպի մեջ քաղցկեղն արդեն իսկ դասվել է սովորական հիվանդությունների շարքին։ Ուրախ եմ, որ կարողանում ենք քայլ-քայլ գնալ մի իրավիճակի, երբ այդ ընկալումն ամբողջությամբ կհաստատվի նաև Հայաստանի Հանրապետությունում։
Եվ, իհարկե, մեզ համար ամենակարևորը՝ ամեն ինչ անել, որպեսզի ոչ թե ստիպված լինենք հիվանդություններ բուժել, այլ կարողանանք այնպիսի քաղաքականություն և միջավայր ստեղծել, որ նախ, հիվանդությունները նախականխվեն, կանխվեն, վաղ ախտորոշվեն, և գործողությունների այս շղթայի գործարկման պարագայում, իհարկե բնականոն կամ պոզիտիվ ելքն ավելի հավանական կդառնա։ Ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ մենք հիմա նաև կենտրոնացած ենք հիվանդությունների նախականխման և վաղ հայտնաբերման քաղաքականության վրա։ Նաև մեր Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի հետ կապված շատ կարևոր որոշումներ կայացնելու շեմին ենք, որը մեզ պիտի օգնի, որ ուռուցքները վաղ հայտնաբերվեն, և կարողանանք պատշաճ մակարդակով նաև այդ խնդիրը լուծել։
Իհարկե, բնական է, որ այս հոբելյանը նման հաստատությունում նաև այսպիսի գործնական թեմաների շոշափմամբ է անցնում, բայց վերադառնալով հոբելյանին՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել և շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պատկերների համար, որ տեսա և, իհարկե, նաև համոզմունք հայտնել, որ ներսի ենթակառուցվածքն ավարտելուց հետո մենք նաև միջավայրը կբերենք նույն տեսքի և մակարդակի։ Դա կարևոր է ընդհանրապես ընկալումը փոխելու համար։
Ժամանակն է, որ առողջապահության հասանելիության նոր մակարդակ ունենանք ամբողջ հանրապետության ծածկույթով, և ինչպես մենք այսօր քաղաքական կարևոր խնդիր ենք համարում կրթության հասանելիությունը, նույնպիսի կարևոր քաղաքական խնդիր է առողջապահության հասանելիությունը բոլոր մարզերում, բոլոր գյուղերում։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ բոլոր տեղերում պետք է լինեն արագացուցիչներ, բոլոր տեղերում պետք է լինեն գերժամանակակից սարքեր։ Պետք է լինի ճիշտ ենթակառուցվածք, որպեսզի ճիշտ պացիենտին ճիշտ օղակում ճիշտ սպասարկեն, որպեսզի հնարավոր լինի իսկապես որոշ օղակների ազատել գերծանրաբեռնվածությունից, և առողջապահության ոլորտում այլ հատվածներում, մարզերում, համայնքներում, բնակավայրերում, գյուղերում բացերը լրացնենք։ Այս դեպքում մենք իսկապես կկարողանանք հասնել լիակատար ներդաշնակության», – իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Միջոցառմանը մասնակցել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը, Աժ պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Նարեկ Զեյնալյանը, ՀՀ բժշկական կենտրոնների տնօրեններ, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Վրաստանից ժամանած գործընկերներ, պաշտոնատար այլ անձինք։





