«Ավե Մեդ» կլինիկան այսօր Հայաստանում պալիատիվ բուժօգնություն և խնամքի ծառայություն մատուցող առաջատար բժշկական կենտրոններից է։ Կենտրոնում պացիենտները ստանում են անհրաժեշտ բուժում՝ վիճակը թեթևացնելու և առավել հարմարավետ կյանք ապահովելու համար՝ ներառյալ թմրամիջոցային ցավազրկողներն ու հոգեմետ դեղերը, և բուժկենտրոնը դրա համար ունի հատուկ լիցենզիա։
NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Ավե Մեդ» կենտրոնի տնօրեն Լևոն Երեմյանը պարզաբանեց, որ պալիատիվ (ֆրանսերեն՝ palliatif, լատիներեն՝ pallium ծածկոց, թիկնոց բառից) կամ ամոքիչ օգնությունը՝ մոտեցում է, որը թույլ է տալիս բարելավել կյանքին սպառնացող հիվանդությունների (քաղցկեղով և կյանքը սահմանափակող այլ հիվանդություններ) խնդրին բախվող պացիենտների և նրանց ընտանիքների կյանքի որակը՝ ցավի և այլ ֆիզիկական ախտանիշների վաղ հայտնաբերման, մանրակրկիտ գնահատման և բուժման օգնությամբ, տառապանքների կանխարգելման ու թեթևացման, ինչպես նաև հիվանդին և նրանց հարազատներին հոգեբանասոցիալական ու հոգևոր աջակցության տրամադրման միջոցով։
Ընդ որում հակացավային և սիմպտոմատիկ բուժումը իրականացվում է արդի սարքավորումներով և մեթոդներով արտերկրում վերապատրաստված մասնագետների կողմից։
Կլինիկայի պալիատիվ բաժանմունքում բուժում են ստանում ինչպես ուռուցքային հիվանդություններով պացիենտներ, այնպես էլ ինսուլտ կամ ինֆարկտ տարած, հետքովիդային համախտանիշով, ծանր նյարդաբանական հիվանդություններով, օրինակ՝ ցրված սկլեռոզով, կոտրվածքներով պացիենտներ և այլք։ Այսինքն, տնօրենի խոսքով, երբ վնասվածքներով կամ ինսուլտով պացիենտները այլևս վերակենդանացման մասնագետի հսկողության կարիք չունեն, նրանք կարող են տեղափոխվել «Ավե Մեդ» կլինիկա։ Նույնը վերաբերում է քաղցկեղով պացիենտներին՝ քիմիաթերապիայից և ճառագայթային թերապիայից հետո։
Հիվանդասենյակներում ամեն բան կահավորված է առավելագույն հարմարավետությամբ պառկած և նստած պացիենտների համար. ֆունկցիոնալ մահճակալներ, հակապառկելախոցային ներքնակներ, բռնակներ, հարմար անվասայլակներ։
«Ավե Մեդ» բուժկենտրոնի խնամքի բաժանմունքում գտնվում են պացիենտներ, որոնք այլևս ի վիճակի չեն ինքնուրույն հոգ տանել իրենց մասին, իսկ հարազատներն էլ չեն կարողանում տանը խնամել նրանց, քանի որ դա մասնագիտական մոտեցում է պահանջում։ Նրանց թվում կան պացիենտներ ծերունական դեմենցիայով, Պարկինսոնի հիվանդությամբ, 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարդություններով և այլք։
Բժշկական կենտրոնում հիվանդների հետ մշտապես աշխատում են սրտաբանը, ուռուցքաբանը, անոթային վիրաբույժը, վնասվածքաբանը, հոգեբույժը և կինեզիստը։ Բոլոր բուժքույրերն անցել են պալիատիվ խնամքի հատուկ դասընթացներ, իսկ դայակները խնամքով ընտրվել և վերապատրաստվել են, չէ՞ որ պառկած կամ նստած պացիենտներին կերակրելը հատուկ հմտություն է, իսկ ուտելուց հրաժարվող պացիենտներն ընդհանրապես մասնագիտական մոտեցման կարիք ունեն։
Բժշկական կենտրոնը հոգում է պացիենտների խնամքի և հիգիենայի հետ կապված բոլոր հարցերը, ներառյալ հեգիենիկ միջոցների տրամադրումը, լողացնելը, սափրելը, բերանի խոռոչի մաքրումից մինչև եղունգների կտրում,վարսահարդարում, մատնահարդարում։ «Մենք ամեն բան անում ենք, որ մեր պացիենտները ոչ մի բանի կարիք չունենան և լինեն նույնքան խնամված և գեղեցիկ, ինչպես իրենց տանը», – ասաց տնօրենը։
Կլինիկայում կա լվացքատուն, խոհանոց, որտեղ պատրաստում են առողջ սնունդ՝ համապատասխանեցրած յուրաքանչյուր պացիենտի , և միջանկյալ միրգ և սուրճ են մատուցում՝ պացիենտների սովորություններին համապատասխան։
Բուժկենտրոնում կատարվում են նաև ախտորոշիչ հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրվել լաբորանտ դրսից՝ անալիզներ վերցնելու, կամ՝ մասնագետներ՝ որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտության համար։
Պացիենտների՝ կլինիկայում գտնվելու ժամկետն անսահմանափակ է. այն որոշվում է հիվանդի կարիքներից և նրա ընտանիքի անդամների ցանկությունից ելնելով:
Ալցհեյմերի կամ Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտներին խորհուրդ չի տրվում տանը պահել, քանի որ նրանք հատուկ խնամքի կարիք ունեն և պետք է մշտապես գտնվեն բժշկի հսկողության ներքո։ Նման դեպքերում, ըստ տնօրենի, պացիենտների հարազատները նույնպես կախվածության մեջ են ընկնում նրանց հիվանդությունից, իսկ հատուկ կլինիկայում, բժիշկների հսկողությամբ բարելավվում է և՛ նրանց, և՛ ընտանիքի անդամների վիճակը։
Ինչպես հավելեց տնօրենը, հարազատները մշտապես կապի մեջ են բժիշկների և իրենց պացիենտի հետ թե՛ հեռախոսով, թե՛ տեսակցության ժամանակ։
Երբ մեր զրույցից հետո դուրս եկանք նախասրահ, խնամքի բաժանմունքի պացիենտները անվասայլակներով հավաքված էին հեռուստացույցի դիմաց։ «Բոլորը մաքուր են, խնամված, մազերը կտրած, ներկած»,-նկատեց տնօրենը։
«Ավե Մեդ» բժշկական կենտրոնը առաջիններից էր Հայաստանում, որը 9 տարի առաջ սկսեց մատուցել մասնագիտացված պալիատիվ օգնության և խնամքի ծառայություն։ Այն համագործակցում է մի շարք բարեգործական ընկերությունների, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակի հետ, միջազգային կառույցների անդամ է։





