Այս տարում առողջապահության գործունեությունն ուղղված է եղել հիվանդությունների վաղ հայտնաբերմանը եւ համապատասխանաբար բուժման կազմակերպմանը, մասնավորապես ուշադրության կենտրոնում են եղել առավել հաճախ հանդիպող եւ բարձր մահացություն ունեցող հիվանդությունները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը:

«Չարորակ նորագոյացությունների ոլորտում պետության կողմից մատուցվող ծառայությունները վերջին 3 տարում ավելացել են շուրջ 3,5 անգամ: Պետությունն այս մասով ֆինանսավորումը տարեցտարի ավելացնում է: Մեծացել է նաեւ ծառայությունների մատուցումը սրտաբանության եւ մասնավորապես, անհետաձգելի սրտային վիրաբուժության ոլորտում: Նախորդ տարիների համեմատ ծառայությունների ֆինանսավորումը շուրջ 2 անգամ ավելացել է: Պետք է ասենք, որ առջիկա տարիներին նախատեսվում է մի շարք նոր ծառայությունների ներդրում: Մասնավորապես, 2023-ին ներդրվելու է աորտայի շերտազատման վիրահատության պետական աջակցության ծրագիրը: Իսկ դա ունի շատ բարձր մահացության աստիճան:

Շատ մեծ հաջողությամբ իրականացվում է ուղեղի կաթվածի ծրագիրը, որը ներդրվել է Երեւանի մի քանի կլինիկաներում: 2022-ին այն ներդրվեց նաեւ Գյումրիում: Այս պահին ունենք բարձր հասանելիությունը: Տարեցտարի տարածվելու է նաեւ մնացած մարզերում»,-ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց ու ունեն մի քանի ռազմավարություններ. «Դա Հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման 2022-2026 թթ ծրագիրն է, որի իրականացման արդյունքում ունենք ոլորտի բարելավում: Մյուս կարեւոր բարեփոխումը շտապօգնության բարեփոխումն է: Այս տարի ընդունվել է շտապօգնության ռազմավարություն: Մենք առաջիկա տարիներին պետք է ունենանք ամբողջությամբ արդիականացված շտապօգնության համակարգ, որն իրենից ներկայացնելու է միասնական կառավարվող համակարգ: Այն թույլ է տալու ապահովել բարձր հասանելիություն եւ ծառայությունների մատուցման բարձր որակ»,-ընդգծեց Նազարյանը: