Անպտղության հաղթահարման ծրագիրը բավական հաջող ընթացք է ունեցել. եւ ընդհանուր ժողովրդագրության բարելավման եւ առողջապահական գործոնով պայմանավորված, եւ հիմա անպտղության հաղթահարման մասով որոշում է կայացվել ընդլայնել ծրագրի շրջանակները եւ ներառել բոլոր քաղաքացիներին՝ անկախ բնակության վայրից, սոցիալական եւ ամուսնական կարգավիճակներից: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Արահիտ Ավանեսյանը:
«Շատ կարեւոր է մարդկանց հավասար հնարավորություններ տալ նաեւ առողջապահական ծառայություններից օգտվելու՝ անկախ ամուսնական կարգավիճակից: Այսօր էլ շատ կանայք այդ ծառայություններից օգտվում են, բայց դրանք շատ թանկարժեք են: Կարծում եմ՝ պետության հոգածության շրջանակներում պետք է այս ծառայությունները մեզ վրա վերցնենք: Այս ծառայությունները կիրառելի են միայն առողջական, տարիքային շրջանակներում»,-ասաց նա:
Ավանեսյանը նաեւ հավելեց, որ այդ ծառայությունները միայն Երեւանում են հասանելի, որովհետեւ դրանք որոշակի հագեցվածություն են պահանջում. «Բայց մենք նպատակ ունենք ծրագիրն ընդլայնել նաեւ Գյումրիում ու Վանաձորում: Այդ աշխտանքներն ընթանում են: Հույս ունեմ, որ մի հատվածը այս տարի հասանելի կլինի նաեւ մարզերում»:





