Այս տարի գրիպի վիրուսը բավական ակտիվ է, եւ դա նկատելի է ոչ միայն ՀՀ-ում, այլեւ տարածաշրջանում ու եվրոպական երկրներում: Այս մասին, այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք տեսնում ենք, որ կովիդի համավարակով պայմանավորված գրիպը բավական ճնշված վիճակում էր, հիմա արդեն նորից վերադառնում է ակտիվ փուլ: Մենք ժամանակ առ ժամանակ իրականացնում ենք սեկվենավորում՝ հասկանալու համար, թե գրիպի որ շտամն է շրջանառվում: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հենց H1N1-ի շրջանառություն ունենք: Գրիպի այս տեսակը բավական ծանր է ընթանում խրոնիկ հիվանդություններով մարդկանց, երեխաների, հղիների մոտ: Հորդորում եմ օր չկորցնել, գնալ պատվաստվել»,-ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ աայս պահի դրությամբ մանկական բաժանմունքներում միջինից մի քիչ բարձր ծանրաբեռնվածություն է. «Ցավոք, ունեցանք երկու պացիենտի մահ, որոնք ունեին նաեւ այլ ուղեկցող հիվանդություններ: Պատվաստված չեն եղել»,- ընդգծեց նախարարը:





