Տետրացիկլինի քսուկ, ներարկման համար Միդոկալմ, Իմոդիում եւ Ամպիցիլին. այս չորս դեղամիջոցներից որեւէ մեկը Երեւանի Կենտրոնի դեղատներից շատերում չկա։

«2–3 ամիս կլինի, որ այս դեղերից չունենք, պահեստներում նույնպես չկան»,– NEWS.am-ի հետ զրույցում ասում է «Կանաչ» դեղատների ցանցի աշխատակիցը։

Թեեւ խոշոր դեղատնային ցանցերից Ալֆա Ֆարմում եւ Նատալի ֆարմում չհամաձայնեցին տեսախցիկների առաջ խոսել դեղերի դեֆիցիտի մասին, այդուհանդերձ այս դեղատների ցանցերից շատերում նույնպես չկան այս չորս դեղամիջոցները։

«Բուժակ ֆարմ» դեղատների ցանցի տնօրեն Նելլա Մովսեսյանն ասում է՝ դեղերի դեֆիցիտը խուճապ է առաջացնում հաճախորդների մոտ, երբեմն մարդիկ չեն ցանկանում փոխարինող դեղերից օգտվել, պատճառաբանելով՝ վստահում են միայն բժշկի նշանակած դեղին։

«Մեկն ասում է՝ բժշկի հետ անպայման խորհրդակցեմ, էն մեկն ասում է՝ ինչ գրված է դա եմ ուզում, այլ բան չեմ ուզում։ Մարզերից անգամ գալիս են, ուզում ենք օգտակար լինել նրանց, բայց վատ ենք զգում, որ չենք կարողանում մարդկանց օգնել։

Կարծես խուճապային իրավիճակ է, մարդիկ գալիս են, հարցնում՝ ճի՞շտ է, որ անտիբիոտիկները ուղարկվում են Ռուսաստան, ճի՞շտ է, որ չի լինելու այս կամ այն անտիբիոտիկը։ Մեզ համար էլ կոլապս է ստեղծվում,  որովհետեւ դեֆիցիտ է լինում, հետո մի քանի ամսից գալիս է, մենք մեծ քանակությամբ ստանում ենք, բայց հետո չգիտենք՝ կհասցնենք այդ ժամկետում իրացնել, թե ոչ»,– նշում է Նելլա Մովսեսյանը։

Դեղերի հնարավոր դեֆիցիտի մասին դեռ նախորդ տարվա սկզբից ահազանգում էին դեղորայք ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչները, քանի որ 2022 թվականի սկզբից Հայաստանում արգելվել է չգրանցված դեղերի ներկրումը։ Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանն ասում է՝ դեղերի դեֆիցիտ առաջացել է, որովհետեւ Հայաստանում գրանցված դեղերը քիչ են, մոտ 3200–ը, բացի այս՝ լոգիստիկ խնդիրներ են առաջացել ռուս–ուկրաինական պատերազմի հետեւանքով, ինչի դեպքում  հնարավոր չէ նույնիսկ երրորդ երկրում արտադրված դեղը ներկրել Հայաստան։

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել  որ գրանցված դեղերի բաժինը Հայաստանում 85 տոկոս է, որի մեծ բաժինը ընկած է Ռուսաստանից եկող դեղերի վրա, դա մոտ  40 տոկոս է կազմում, կապ չունի՝ դրանք Ռուսաստանում են արտադրվում, թե այլ երկրում»,– ասում է Արթուր Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի՝ դեղերի պակաս կա նաեւ այն պատճառով, որ խոշոր արտադրողները Հայաստանի փոքր շուկայով շահագրգռված չեն։

« Դեղերի գրանցումը երկար գործընթաց է, եււ այդ գործընթացից բխող եկամուտ պետք է ունենա արտադրողը, իսկ Հայաստանի շուկան փոքր լինելու պատճառով ձեռնտու չէ մեր երկրում դեղեր գրանցել»,– նշում է Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահը։

Որպես լուծում Արթուր Խաչատրյանն առաջարկում է դեղերը շտապ գրանցել Հայաստանում պարզ ընթացակարգով։

«Օրենսդրական, այսինքն՝ նորմատիվ ակտի որոշակի փոփոխություն պետք է արվի, եւ որ օրինակ Ամերիկայում, Եվրոպայում, ու նույնիսկ Ռուսաստանում գրանցված դեղերը պետության նախաձեռնությամբ պարզ ընթացակարգով շտապ գրանցվեն։  Գրանցումով կարող են ուղղակի ճանաչելիություն տալ այդ երկրներում գրանցված հավաստագրին, իր նորմատիվային փաստաթղթին։ Իսկ այդ դեպքում ՀՀ–ում կկանխվի չգրանցված դեղերի շրջանառությունը, որը տվյալ պարագայում ավելանում է, քանի որ դեֆիցիտի պարագայում կսկսեն չգրանցված դեղեր ներկրել»,– ասում է նա։

Իսկ ի՞նչ են նկատել մեր քաղաքացիները՝ դեղերի դեֆիցիտ կա՞, թե՝ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։