Մենք իրականացնում ենք համաճարակային հետազոտություն, թե կարմրուկով վարակվածներն ու այս պահին հիվանդները անցել են պատվաստում, թե ոչ: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, կառավարութունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այո, ունենք դեպքեր, երբ ամբուլատոր քարտում նշված է եղել, որ պատվաստված է երեխան, բայց հիվանդության դեպք ունենք: Սա մեզ առիթ է տալիս հետաքննելու, թե ինչպես է անցկացվել պատվաստումը: Գեղարքունիքի մարզում, ցավոք սրտի, ունենք, որ տվյալ տարվա բուժքույրը թույլ տալով պատվաստումային խախտումներ, այն ժամանակ հեռացվել է աշխատանքից: Կա դրա վերաբերյալ ծառայողական քննություն, բայց հիմա իրականացնում ենք վերաիմունիզացիոն ծրագիր եւ բոլորը, որոնք տվյալ տարում պատվաստվել են, նորից կպատվաստվեն:

Այդ դեպքը եղել է 10 տարի առաջ, որը հենց այդ ժամանակ էլ հայտնաբերվել է: Հիմա մենք իրականացնում ենք երկրորդ պաշտպանիչ պատվաստումը»,-ընդգծեց նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա մայիսի 8-ի դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի: 142-ից հոսպիտալացված է 7-ը, 75-ը` դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Վարակվածներից 100-ը երեխաներ են, 42-ը` մեծահասակ: