«Հայկենսատեխնոլոգիա» Գիտաարտադրական կենտրոնում սեպտեմբերի 26–ին մեկնարկել է «Նարինե» կաթնաթթվային մթերքի արտադրությունը։

«Հայկենսատեխնոլոգիա»–ի տնօրեն Աշոտ Սաղյանը նշել է, որ սա չորրորդ փոքրածավալ արտադրությունն է Կենտրոնում։ Ավելի վաղ իրականացված դիտարկումը բացահայտել է, որ Կենտրոնում առկա են ութ ներդրմանը պատրաստ տեխնոլոգիաներ, եւ «Նարինեն» առաջինն է այդ ությակից։ Մի քանի հաստատությունների միավորմամբ ստեղծված կենտրոնի (այդ թվում՝ միկրոբիոլոգիայի ինստիտուտի, որտեղ էլ հենց իր բրենդն է ստեղծել պրոֆեսոր Յուրի Երզնկյանը) տնօրենը իր Կենտրոնը այս տեխնոլոգիայի իրավահաջորդն է համարում։ Ըստ նրա, ստեղծվել էր մի իրավիճակ, որ Երզնկյանների շտամների հավաքածուն պահվում էր իրենց Կենտրոնում, եւ իրենք պարտավոր էին տրամադրել դրանք բոլոր ցանկացողներին։ Արդյունքում «Նարինեն» սկսեցին արտադրել գրեթե տնային պայմաններում, առանց տեխնոլոգիայի եւ հիգիենիկ պահանջների պահպանման։ Դա է հանդիսացել արտադրությունը Կենտրոնում կազմակերպելու որոշման հիմնական պատճառը։

Կաթնաթթվային բակտերիաների լաբորատորիայի վարիչ Հրաչյա Հովհաննիսյանը բացատրել է, որ վերահսկող օրգանների կողմից հիմնականում ստուգվում է շուկայում առկա մթերքում ախտածին մանրէների առկայությունը եւ կենդանի կաթնաթթվային բակտերիաների քանակը, բայց ոչ տեսակը, եւ այդ պատճառով չկա ոչ մի երաշխիք, որ դա հենց Երզնկյանի կողմից ստեղծած մթերքն է։ Այդուհանդերձ, եթե շուկայում գոյություն ունեցող որեւէ մթերք իսկապես Երզնկյանի շտամով է մերված, ապա այդ «Նարինեի» եւ Կենտրոնում արտադրվածի միջեւ տարբերություն չկա։ Ուղղակի «Հայկենսատեխնոլոգիայի» արտադրած «Նարինեն» կարելի այս մթերքի էտալոնը համարել։

Հ. Հովհաննիսյանը տեղեկացրել է նաեւ, որ մածունից զատ նրանք արտադրելու են նաեւ հեղուկ «Նարինե» եւ փոշի (պատիճներով)։ Նրանց հոսքագծի արտադրողականությունը ժամում 800 բաժակ է, իսկ մեկ բաժակի բացթողման գինը՝ 180 դրամ է։

Նշենք, որ դեռեւս սովետական տարիներին պրոֆեսոր Յուրի Երզնկյանի հեղինակած «Նարինեն» պրոբիոտիկ է, որն ունի մի շարք բուժիչ հատկություններ եւ խորհուրդ է տրվում աղեստամոքսային հիվանդությունների, էկզեմայի եւ բակտերիալ վագինոզի ժամանակ։ «Նարինեն» նաեւ խթանում է իմունային համակարգը, ունի հակաալերգիկ եւ հակաքաղցկեղային հատկություններ, ինչպես նաեւ ճնշում է իջեցնում։