NEWS.am Medicine-ը ներկայացնում է Mass General Brigham–ի Գենային եւ բջջային թերապիայի ծրագրի տնօրեն Ռոջեր Հաջարի հետ հարցազրույցը, որն անցկացվել է Հայաստանի 6–րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում։
Պարոն Հաջար, Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում դուք հետաքրքիր ելույթ ունեցաք սրտաբանության մեջ բջջային թերապիայի եւ գենային թերապիայի կիրառման մասին։ Կարո՞ղ եք ներկայացնել՝ ինչի մասին էր ձեր ելույթը։
Իմ ելույթը վերաբերում էր գենային և բջջային թերապիաների կիրառմանը՝ սրտային անբավարարության բուժման նպատակով։ Այս հիվանդության դեպքում սիրտը մեծանում է և թուլանում։ Շատ հիվանդներ, հատկապես մեծ տարիքում, ունենում են այս խնդիրը, և այսօր առկա բուժման տարբերակները, անգամ եթե որոշ չափով երկարացնում են կյանքը, չեն փոխում հիվանդության ընթացքը։ Որոշակի գեների կամ նոր բջիջների ներդրումը սրտի մեջ կարող է հնարավորություն տալ երիտասարդացնել այս թույլ սրտերը և դրանց նորմալ վիճակի վերադարձնել։
Ինչպե՞ս ենք այս բջիջներն ու գեները ներդնում սրտի մեջ
Գեները ներդրվում են վեկտորների՝ պարազիտակիրների միջոցով։ Որոշ վիրուսներ հնարավոր է ապաակտիվացնել և դրանցում տեղադրել գեներ։ Ստացված պարազիտակիրները այնուհետև ներարկվում են արյան մեջ և հասցվում սիրտ։ Այնտեղ դրանք նպաստում են հատուկ պրոտեինի ստեղծմանը, որն օգնում է սրտին ավելի լավ բաբխել և լավ աշխատել։ Բջջային թերապիայի դեպքում մենք հատուկ բջիջներ ենք ստեղծում սրտից դուրս և ներս տանում դրանք՝ միացնելով սրտին։ Փաստացի ներս ենք բերում բջիջներ, որոնք ավելի լավ են գործում։ Սա նման է նոր շարժիչ ներդնելուն, ինչի շնորհիվ սրտի աշխատանքը լավանում է։
Որտե՞ղ է այս նոր տեխնոլոգիան կիրառվում
Գենային թերապիան շատ արագ է զարգանում և այժմ նման թերապիաներ են կիրառվում այլ հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են հեմոֆիլիան, մանգաղաբջջային սակավարյունությունը։ Այն այժմ ներդրվում է սրտի հիվանդությունների բուժման մեջ, և 2030 թվականին մենք ունենալու ենք մի քանի գենային թերապիաներ սրտի տարբեր խնդիրների համար։ Բջջային թերապիայի ներդրումը մի փոքր ավելի երկար է տևում, բայց այն մոտենում է, և առաջիկա 10 տարում մենք կկարողանանք ներդնել բջիջներ և դրանով բուժել սիրտը։
Ինչպիսի՞ն եք պատկերացնում այս տեխնոլոգիայի զարգացումը 20 տարի անց
Գենային թերապիան 5-6 տարուց հասանելի կլինի պացիենտների համար։ Այն փորձարարական թեստավորում է անցել և գտնվում է թեստավորման վերջնական փուլերում։ Բջջային թերապիայի համար հնարավոր է՝ 10 տարի պահանջվի, բայց այն միանշանակ մոտենում է։
Որքա՞ն արդյունավետ կդառնան դրանք առաջիկա 10 տարում։
Մեր կանխատեսումներով առաջիկա 10 տարում սրտային անբավարարության դեպքերը կշարունակեն աճել, քանի որ բնակչությունը ծերանում է, և քանի ծերանում է, այնքան շատանում են սրտի կանգերի դեպքերը։ Այս պատճառով մեզ պետք են թերապիայի նոր ձևեր՝ մեծ թվով պացիենտներին բուժելու համար։ Այժմ մենք բավարար արդյունավետություն ենք գրանցում, բայց պետք է հավաստիանանք, որ այն պահպանվելու է առաջիկա 10-20 տարվա ընթացքում։
Ո՞րն է հիմնական ուղերձը, որ ցանկանում էիք փոխանցել ձեր ելույթի ընթացքում
Հիմնական ուղերձն այն էր, որ սրտային հիվանդությունները շատ տարածված են ամբողջ աշխարհում։ Մենք որոշ դեղորայքային բուժման տարբերակներ ունենք, բայց դրանք բավարար չեն հիվանդության տարածումը զսպելու համար։ Մեզ անհրաժեշտ են գենային, բջջային թերապիաների նման հեղափոխական մեթոդներ այս հիվանդությունների թիվը նվազեցնելու համար։
Ինչո՞ւ է կարեւոր քննարկել ապագայի բժշկական մոտեցումները նման կոնֆերանսներում։
Շատ դեղամիջոցներ և թերապիաներ են առկա, որոնց պացիենտները դեռևս հասանելիություն չունեն։ Որպես բժիշկներ՝ առաջին բանը, որ պետք է անենք, հավաստիանալն է, որ առկա միջոցները հասանելի դառնան պացիենտների համար։ Մենք ցանկանում ենք հասնել նրան, որ Հայաստանի բժիշկները ևս սկսեն նայել ապագային, քանի որ ապագայում հասանելի կլինեն նոր թերապիաներ, և նրանք պետք է իմանան այս մասին, քանի որ դրանք գալիս են։ Նրանք պետք է պատրաստ լինեն ապագայում նույնատիպ բուժում ապահովել իրենց պացիենտների համար։
Ձեր կարծիքով՝ մենք ե՞րբ կկարողանանք կիրառել այս նոր թերապիաները Հայաստանում։
Հայաստանը բուժման հարուստ փորձ ունի։ Այստեղ շատ լավ բժիշկներ կան, ովքեր շատ խոր գիտելիքներ ունեն իրենց ոլորտի վերաբերյալ։ Կարծում եմ՝ երբ դրանք հասանելի լինեն Արեւմուտքում, հաջորդող մի քանի տարիներին դրանք կսկսեն կիրառվել նաեւ Հայաստանում։ Այնպես որ, առաջիկա 10 տարում կարելի է սպասել այս մեթոդների ներդրմանը Հայաստանում։





