Էնդոմետրիումի պաթոլոգիաները, ինչպիսիք են պոլիպները և հիպերպլազիան, որոշ դեպքերում վերածվում են ուռուցքային հիվանդությունների: Դրանց կանխարգելման համար չափազանց կարևոր է խնդիրը ժամանակին գտնելը և հետագա գործողությունների վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելը։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց վիրաբույժ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Start Of Life (SOL) հասարակական կազմակերպության հիմնադիր Ազնար Խաչատրյանը։
Մասնագետի խոսքով՝ այսօր շատ տարածված խնդիր է էնդոմետրիումի պաթոլոգիան։ Իսկ եթե նման պաթոլոգիաներն աչքաթող արվեն, ապա մոտ 15-20%-ի դեպքում դրանք կարող են հանգեցնել էնդոմետրիումի քաղցկեղի զարգացման։ Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին ախտորոշել խնդիրը, հաստատել ախտորոշումը, բայց առանց գերախտորոշման, և, կախված մի շարք գործոններից, որոշել հետագա գործողությունները և հասկանալ, թե կոնկրետ դեպքում վիրաբուժական միջամտությունը անհրաժեշտ է, թե ոչ:
Բժիշկ Խաչատրյանը Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական կոնգրեսի նյութեչի ժողովածուի 380 գիտական աշխատություններից մեկի հեղինակն է։ Նրա ուսումնասիրությունը, որը հիմնված է «Աստղիկ» բժշկական կենտրոնում գրանցված դեպքերի հետահայաց ուսումնասիրության վրա, նվիրված է հատկապես էնդոմետրիումի պաթոլոգիաներին, դրանց քաղցկեղի վերածվելու կանխարգելմանը, թե որ դեպքերում են դրանք ճիշտ վիրահատել, որում՝ ոչ:
Նման պաթոլոգիաների՝ վտանգավոր քաղցկեղի վերածումը կանխելու համար շատ կարևոր է նաև, որ հիվանդների հետ աշխատող բժիշկները զինված լինեն նորագույն գիտելիքներով, որոնց շնորհիվ նրանք կարող են և՛ ճիշտ ախտորոշումներ կատարել, և՛ հետագա գործողությունների վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնել։
Start Of Life բժշկական հասարակական կազմակերպությունը (որ թարգմանվում է որպես «Կյանքի սկիզբ») ստեղծվել է հենց այդ նպատակով. կազմակերպությունը գիտական կոնֆերանսներ և այլ միջոցառումներ է անցկացնում՝ բարելավելու հայ բժիշկների հմտությունները և ստեղծելու հնարավորություններ և պայմաններ, որպեսզի նրանք կարողանան փոխանակվել փորձով և գիտելիքներով, ընդ որում՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում։
Առաջիկայում կազմակերպությունը նախատեսում է անցկացնել «Քաղցկեղը մահապատիժ չէ» թեմայով գիտաժողով, որին կմասնակցեն բազմաթիվ բժիշկներ Հայաստանի մարզերից և կքննարկեն քաղցկեղի կանխարգելման և ժամանակին բուժման հարցերը։
Վերջին ամիսներին կազմակերպությունն արդեն անցկացրել է մի քանի նման միջոցառումներ, այդ թվում՝ «Արգանդի բարորակ նորագոյացությունների բուժում» գիտաժողովը, որը կազմակերպվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 1 մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի հետ համատեղ։





