Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում թողարկվել է գիտական աշխատանքների եւ հետազոտությունների ժողովածու բժշկության գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ։ Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է Առողջապահության ազգային ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ Սամսոն Խաչատրյանը, որը նաեւ համագումարի կազմակերպչական կոմիտեի անդամ էր, ժողովածուում տեղ են գտել ավելի քան 380 գիտական աշխատանքներ եւ հետազոտություններ՝ գրված թե՛ տեղի բժիշկների (այդ թվում կլինիկական օրդինատորների), թե՛ արտասահմանի մեր հայրենակիցների կողմից։
Ինչպես նշել է բժիշկ Խաչատրյանը, բժշկությունը նպաստում է գիտության զարգացմանը եւ հակառակը։
«Անգամ մեկ պացիենտի հետ աշխատանքում բժիշկը կարող է ինչ-որ մի այնպիսի բան տեսնել, ուսումնասիրել, գրի առնել եւ փոխանցել գործընկերներին, ինչը կարող է լիովին փոխել մոտեցումներն ամբողջ ոլորտում։ Անգամ մեկ կլինիկական դեպքը կարող է այդպիսի կարեւոր նշանակություն ուեննալ։ Բայց չէ՞ որ կան նաեւ խոշոր հետազոտություններ՝ մասնակիցների մեծ թվով։ Այնպես որ, կարելի է ասել, որ բժիշկն իր ամենօրյա պրակտիկայում արդեն զբաղվում է գիտությամբ։ Այլ հարց է, որ ստացված տվյալները պետք է փոխանցել ուրիշներին։ Իսկ դա արվում է գիտական հոդվածների եւ հետազոտությունների միջոցով»,- նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ բժիշկները, որոնք մասնակցեցին համագումարին, կարող են ոչ միայն շփվել գործընկերների հետ եւ փորձ փոխանակել, այլեւ իմանալ վերջին նորությունների մասին նրանց ոլորտներում։ Նրանք նաեւ կարող են հասկանալ, որ իրենք ես կարող են զբաղվել գիտական գործունեությամբ եւ իրենց ավանդը ներդնել բժշկության զարգացման մեջ։





