Պարոն Բիլեզիկյան, Դուք օստեոպորոզի բուժման ամենահայտնի մասնագետներից եք։ Մինչդեռ Հայաստանի միջազգային բժշկական 6-րդ կոնգրեսի ընթացքում ելույթ ունեցաք վահանաձև գեղձի հիվանդությունների մասին։ Ինչո՞ւ էիք ընտրել այս թեման։
Մենք ցանկանում ենք ընդգծել այն թեմաները, որոնք չենք քննարկել նախորդ կոնգրեսների ընթացքում։ Ես հաճախ եմ Հայաստանում խոսում օստեոպորոզի մասին։ Սակայն մենք նաև հետաքրքրված ենք վահանաձև գեղձի հիվանդություններով, ինչը բավական լուրջ խնդիր է Հայաստանում։
Որևէ կապ կա՞ վահանաձև գեղձի հիվանդությունների և օստեոպորոզի միջև։
Այո, կա։ Ես այս մասին չեմ խոսել իմ ելույթի ընթացքում։ Մենք մեր ուսանողներին մշտապես սովորեցնում ենք, որ երբ պացիենտն ունի օստեոպորոզ, միշտ անհրաժեշտ է ստուգել վահանաձև գեղձը, քանի որ նա կարող է ունենալ վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրություն կամ հիպերթիրեոզ։ Եթե անգամ մարդը չունի հիպերթիրեոզի ախտանշաններ, միեւնույնն է, կարող է ունենալ նման հիվանդություն։ Սա ոսկրային զանգվածի կորստի հիմնական պատճառներից է։
Եթե անձն ունի հիպերթիրեոզ, այն ազդո՞ւմ է ոսկրերի ամրության վրա։
Հարցին միանշանակ պատասխանել չեմ կարող։ Այնքանով, որքանով մենք ծանոթ ենք այս խնդրին, պատասխանն է՝ ոչ։ Այն մարդիկ, ովքեր ունեն հիպերթիրեոզ, սովորաբար չեն ունենում նման խնդիր։ Սակայն հիպերթիրեոզ ունեցող հիվադները բուժվում են վահանաձև գեղձի հորմոններով և ոմանց չափից շատ հորմոն են տալիս, ինչի հետևանքով նրանք ձեռք են բերում օստեոպորոզ։ Այսպիսով ունենում ենք իրավիճակ, երբ հիպերթիրեոզ ուեցող պացիենտները չափից շատ բուժում են ստանում և կորցնում են ոսկորների կալցիումը։
Դա կարո՞ղ է բացատրել, թե ինչո՞ւ է օստեոպորոզը այդքան տարածված Հայաստանում։
Չեմ կարող ասել՝ արդյոք դա է բացատրությունը, բայց մենք բավարար տեղեկություններ չունենք Հայաստանում իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանի ամբողջ տարածքում այժմ մեր կողմից իրականացվող վահանաձև գեղձի հետազոտությունների արդյունքում մենք կունենանք մոտավոր պատկեր, թե քանի մարդ ունի գերակտիվ վահանաձև գեղձ, քանիսն ունեն ցածր ակտիվությամբ վահանաձև գեղձ։ Բայց ուսումնասիրությունը չի ներառում ոսկրի խտության հետազոտությունը, ինչը մեզ թույլ կտար հասկանալ՝ արդյոք մարդիկ ունեն խնդիր։ Եթե անցկացնենք նման հետազոտություններ ևս, ինչը մենք հեշտությամբ կարող ենք անել, քանի որ ես բազմաթիվ սարքավորումներ եմ բերել ինձ հետ, կկարողանանք ստանալ ձեր հարցի պատասխանը։
Խոսեցիք սարքավորումներից։ Դուք դրանք Հայաստան եք բերում 2005 թվականից, եթե չեմ սխալվում։ Այսպիսով ոսկրի խտությունը չափող քանի՞ սարք ունենք այժմ Հայաստանում։
Մենք բերել ենք 11 սարքավորում, որոնցից մեկն Արցախում է՝ Ստեփանակերտում, մնացածը՝ Հայաստանում։ Եվս երկու սարքավորում եմ պատրաստվում բերել Հայաստան։ Այժմ բավական սարքավորումներ ունենք բոլորին ստուգելու համար և պացիենտները կարիք չունեն հասնելու Երևան, նրանք կարող են ստուգվել Գյումրիում, Վանաձորում, Կապանում։ Ասյսպիսով՝ դենսիտոմետրիան այժմ հասանելի է, սակայն մենք պետք է սովորեցնենք բժիշկներին՝ ինչպես և որտեղ կիրառել ոսկրերի խտության չափումը։ Սա ընդհանուր խնդիր է Հայաստանում՝ բժիշկների կրթական մակարդակը։ Մենք պետք է ավելի շատ աշխատենք նրանց սովորեցնելու ուղղությամբ, որպեսզի նրանք իմանան՝ ինչպես ստուգել ոսկրերն ու երբ ստուգել դրանք։ Մենք նաև աշխատանք պետք է տանենք սովորեցնելու բժիշկներին՝ երբ է պետք ստուգել Վահանաձև գեղձը։
Ինչպե՞ս կարող են նման միջոցառումներն օգնել բարձրացնել բժիշկների կրթական մակարդակը։
Կարծում եմ՝ Կոնգրեսը շատ կարևոր է շատ ոլորտներում իրազեկվածության բարձրացման համար։ Իրազեկվածությունը գործողության փոխակերպելու համար անում ենք ամեն բան, որ տեղի բժիշկները և առողջության ոլորտի պատասխանատուները հասկանան խնդիրները։ Երաշխիքներ չկան, որ քայլեր կարվեն այդ ուղղությամբ, բայց մենք մեծ հույս ունենք այդ առումով։ Ես Հայաստանում չեմ եղել պանդեմիայից հետո, մինչեւ այդ տարին երկու անգամ էի գալիս: Մինչեւ կոնգրեսը երկու սատելիտ սիմպոզիումի եմ մասնակցել։ Դրանցից մեկը նվիրված էր օստեոպորոզին, որին մասնակցում էր շուրջ 300 բժիշկ։ Կարող եմ ասել, որ 4 տարի անց բժիշկների տված հարցերը բավականին լավացել էին, ինչն ինձ հուշում է, որ նրանք շատ բան են սովորել։ Կարծում եմ՝ մենք փոփոխություն ենք բերում։
Ի՞նչ խորհուրդ կտաք անել օստեոպորոզից խուսափելու համար։
Սկսում ենք ճիշտ սննդակարգից, ինչը ենթադրում է, որ բոլոր մարդիկ պետք է բավարար քանակությամբ կալցիում ընդունեն։ Շատ ուտելիքներ կան, որոնք կալցիումի հրաշալի աղբյուր են, օրինակ՝ մածունը, կաթը, պանիրը։ Կարևոր է նաև վիտամին D-ի ընդունումը։ Անգամ եթե սա շատ արևոտ երկիր է և մտածում եք՝ ինչների՞ս է պետք վիտամին D-ն, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի կանանց կեսից ավելին վիտամին D-ի պակաս ունի։ Այնպես որ պետք է հավաստիանալ, որ բավարար չափով վիտամին D եք ընդունում, պետք է հավաստիանալ, որ բավարար չափով պրոտեին եք ընդունում, ֆիզիկական ակտիվությամբ եք զբաղվում։ Սրանք սննդային կանոններն են։ Իմ կոլեգաներից մեկն, ով այժմ Առողջապահության նախարարությունում է աշխատում, մի քանի տարի առաջ ուսումնասիրել էր հայկական առօրյա սննդակարգը։ Պարզվել էր, որ չնայած բազամատեսակ կաթնամթերքների առկայությանը՝ սովորական մարդու սննդակարգը բավարար չափով կալցիում չի պարունակում։ Այս խնդիրը կրկին գալիս է բժիշկների, առողջապահության մասնագետների և հանրության իրազեկվածության պակասից։ Հեռուստատեսությամբ պետք է խոսել ճիշտ սննդակարգի, առողջ ապրելակերպի, ծխելու վտանգների մասին, իսկ ծխելը լուրջ խնդիր է, այն շատ վատ ազդեցություն է ունենում ոսկրերի վրա։ Կարևոր է նաև ուշադրություն դարձնել ալկոհոլի հասանելիության սահմանափակմանը։ Մենք ցանկանում ենք նման զրույցներով փոխանցել այս ուղերձները հայ հանրությանը։





