Հայաստանում առաջիկա օրերին, ըստ կանխատեսումների, սպասվում է մինչև +40–+42 աստիճան տաքություն, ինչպես նաև նորմայից բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվություն։

Նման եղանակային պայմաններում արեւահարումից կամ ջերմահարումից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս.
- շոգ ժամերին (12.00-18.00) չգտնվել դրսում
- խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից
- շատ հեղուկ օգտագործել
- եթե դուրս գալն անհրաժեշտ է, կրել գլխարկ կամ բռնել հովանոց

Արեւահարումն առաջանում է արևի ճառագայթների ուղիղ ազդեցությունից մարդու գլխի վրա: Կիզիչ արեւի տակ երկար ժամանակ գտնվելիս նույնիսկ գլխարկը կարող է չփրկել։ Արեւահարման դեպքում առաջին հերթին տուժում է գլխուղեղը, իսկ նման դեպքերի 25-30%-ն ավարտվում է մահով՝ ժամանակին բժշկական օգնություն չտրամադրելու պատճառով:
Արեւահարման ախտանիշներն են՝
- թուլություն
- գլխացավ
- գլխապտույտ
- սրտխառնոց
- ջերմություն
- ճնշման և շնչառության հաճախացում
- ուժեղ քրտնարտադրություն
- աղմուկը ականջներում
- մաշկի կարմրություն
Ինչո՞վ է վտանգավոր արեւահարումը
Արեւահարումը նույն գերտաքացումն է, երբ օրգանիզմը չի կարողանում պայքարել բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցության դեմ: Ինֆրակարմիր ճառագայթման ազդեցությունը ստիպում է գլխուղեղին ակտիվ նյութեր արտազատել, որոնք հրահրում են անոթների լայնացումը։ Սա հանգեցնում է արյան կանգի և այտուցի առաջացմանը, ինչպես նաև կարող է արյունազեղման պատճառ դառնալ։
Արեւի ուղիղ ճառագայթների երկարատև ազդեցության դեպքում մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 40 աստիճան, որն ուղեկցվում է գիտակցության կորստով և նոպաներով։ Կիզիչ արեւը վտանգավոր է ոչ միայն արեւահարման ռիսկի պատճառով, այն նաև կարող է ալերգիա առաջացնել:
Առաջին բուժօգնությունը արեւահարման դեպքում՝
Սխալ առաջին բուժօգնությունը կարող է միայն սրել հետևանքները, հետևաբար՝ կարևոր է իմանալ,թե ինչպես գործել՝ արևահարված անձին օգնելու համար։
Առաջին օգնություն ցուցաբերելու համար՝
- Տուժածին պետք է պառկեցնել ստվերային տեղում՝ ոտքերը մի փոքր բարձրացված
- Պարտադիր տալ առատ ըմպելիք (ջուր, մորս, թույլ քաղցր թեյ, հանքային ջուր)
- Գլխին կարելի է սառը թրջոց դնել
- Եթե տուժածը չի վերականգնվում, շտապօգնություն կանչել։
Ի՞նչ չի կարելի անել արեւահարման դեպքում
- Չի կարելի տուժածին անմիջապես ընկղմել սառը ջրի մեջ, դա կարող է առաջացնել ռեֆլեքսային սրտի կանգ: Սառեցումը պետք է լինի աստիճանաբար՝ առանց ջերմաստիճանի կտրուկ փոփոխության
- Խորհուրդ չի տրվում սառույցի օգտագործումը հովացման համար: Դրա ազդեցությունը կարող է գերտաքացած հյուսվածքների այրվածք առաջացնել
- Արգելվում է թունդ թեյի, սուրճի կամ ալկոհոլի օգտագործումը, ծխելը նույնպես միայն կվատթարացնի վիճակը
- Տուժածին չի կարելի փողոցից տոթ տարածք տեղափոխել: Անհրաժեշտ է բացել պատուհաններն ու դռները, միացնել օդափոխիչը կամ օդորակիչը։
Տուժածը չպետք է հրաժարվի բժշկական օգնությունից ՝ հուսալով, որ ախտանիշներն ինքնուրույն կվերանան։ Արեւի հարվածի ամենալուրջ հետևանքներից են արյան ճնշման իջեցումը, շնչառական բարդությունները: Այս ամենը բավականաչափ արագ է զարգանում, եթե չի ցուցաբերվում առաջին բուժօգնություն:
Եղե՛ք տեղեկացված և պաշտպանված





