160 կգ քաշով 40 տարեկան տղամարդը դիմել է ստամոքսը փոքրացնելու վիրահատության՝ նիհարելու նպատակով։ Ասում է՝ շատ տարբեր միջոցներ է փորձել՝ հատուկ սննդակարգ է պահել, մարզվել է, բայց կորցրած քաշը նորից հետ է եկել։ Ամենամեծ քաշը եղել է 168 կգ։

«Սննդակարգ պահելով, ճիշտ սնվելով, պարապելով իջեցրել եմ մինչեւ 120 կգ։ Բայց հետո կորոնավիրուսի ժամանակ փակվեցին ջիմերը, նորից քաշս հետ եկավ։ Հետո նորից եմ փորձել դրանից հետո մի քանի անգամ էլի, բայց անընդհատ չէր ստացվում։ Ընդհանուր երեւի մի 100 կգ քաշ կորցրել եմ, բայց միշտ վերադարձել է, ու ավելի շատ։ Հետո շատ ընկերների հետ խոսալով, ասեցին, որ կյանքի որակը չի փոխվում այս վիրահատությունից հետո», -պատմում է նա NEWS.am Medicine-ի թղթակցին։  

Տղամարդը ավելորդ քաշի պատճառով նաեւ 2-րդ տիպի շաքարային դիաբետ է ձեռք բերել։ Դիմել է տարբեր բժիշկների, ի վերջո իր խնդրի լուծումը վստահել է «Նաիրի» բժշկական կենտրոնի փորձառու վիրաբույժ Սամվել Զաքարյանին։ Վիրահատությունից հետո վստահ է. կկարողանա կարգավորել եւ քաշը, եւ ազատվել շաքարային դիաբետից։

Սամվել Զաքարյանը կատարել է բարիատրիկ վիրահատություն, այսպես կոչված՝ թեւքային գաստրէկտոմիա, որի ընթացքում պացիենտի ստամոքսը երկայնակի մասնահատվում է։ Առհասարակ, ասում է բժիշկը, բարիատրիայում կա երկու խումբ վիրահատություն. 

«Դրանք գաստրիկ սլիվներն են, եւ շունտավորումներն են։ Դրանց մեխանիզմները տարբերվում են միմյանցից ինչով. Երկայնակի մասնահատման ժամանակ, մենք ուղղակի ազդում ենք հիվանդի սննդի ընդունման քանակի վրա։ Այսինքն, մասնահատելով ստամոքսը, մոտավորապես ստամոքսի 80 տոկսոը հեռացվում է, եւ դրանով պակասում է հիվանդի սննդաչափը։ Ստամոքսի տարողությունը մեկուկես լիտրից իջնում է մինչեւ 150մլ+–50մլ։

Շունտավորման մեթոդների ժամանակ մենք բացի ռեստրիկտիվ, այսինքն, նեղացնող էտապից, ազդում ենք նաեւ աղիներից ներծծման պրոցեսների վրա, եւ մոտավորապես 2-2.5 մետր բարակ աղիներից մարսողության պրոցեսից դուրս է բերվում, այսինքն հիվանդը ոչ միայն քանակով քիչ է ուտում, այլ նաեւ ներծծման պրոցեսներն են դժվարանում, եւ սննդի որոշ մասն առանց մարսվելու դուրս է գալիս օրգանիզմից։

Ուղղակի սլիվ գաստրեկտոմիայի ժամանակ մարդկանց քաշի կորուստը կազմում է մոտավորապես 60-70 տոկոս հավելյալ քաշի, իսկ շունտավորումների դեպքում դրանք ավելի բարձր են, մոտավորապես մինչեւ 80-90 տոկոս։ Ես ուզում եմ շեշտել՝ հավելյալ քաշի, որովհետեւ մեկ–մեկ տպավորություն է ստեղծվում, որ մարմնի քաշի 80-90 տոկոսն են կորցնում, դա այդպես չէ», - ասում է բժիշկը։

Բարիատրիկ վիրահատությունները «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվում են լապարասկոպիկ եղանակով, որի շնորհիվ պացիենտները չեն ունենում հետվիրահատական բարդություններ, եւ շատ արագ վերադառնում են բնականոն կյանքի։ Այս եղանակի ներդրումից հետո Նաիրի ԲԿ–ում շեշտակի ավելացել է բարիատրիկ վիրահատության դիմողների թիվը։

«...բաց եղանակով վիրահատությունների ժամանակ նման գեր անձնավորությունների մոտ բերում էին բավականին հետվիրահատական բարդությունների, վերքերի կողմից թարախակալումների, ճողվածքների առաջացման, դրա համար որոշակի լայն զարգացում չունեցան այդ վիրահատությունները։

Հիմա բավական մեր հիվանդների քանակը շատացել է։ Իհարկե դրա մեջ կա նաեւ այն խնդիրը, որ հասարակությունը սկսում է իրազեկված լինել նման վիրահատությունների մասին։ Եվ աստիճանաբար մարդիկ համոզվում են, որ հնարավոր բարդությունների քանակն իրոք բավականին պակասել է, նաեւ համոզվում են, որ նաեւ մեր երկրում, Հայաստանում, կարող են կատարել որակյալ նման վիրահատություններ։ Այդ բոլորը միասին գումարելով բերում է նրան, որ այսօր դիմելիությունը բավականին շատացել է», - նշում է Սամվել Զաքարյանը։

Բժիշկը նաեւ տեղեկացնում է. բարիատրիկ վիրահատություններն ունեն հստակ ցուցումներ, եւ չեն կարող կատարվել ուղղակի պացիենտի ցանկությամբ։ Վիրահատության ենթակա են միայն հիվանդագին ճարպակալում ունեցող մարդիկ, երբ մարմնի զանգվածի ինդեքսը գերազանցում է 40–ը։  Սա ոչ թե պլաստիկ, այլ առողջությունը վերականգնող վիրահատություն է.

«Դա ոչ թե նրա մասին է, որ մարդիկ հավելյալ քաշ ունեն 5-10կգ, եւ դրանց պետք է վիրահատել։ Դա Խոսքը գնում է հիվանդագին ճարպակալման, որ հավելյալ քաշը բերում է լուրջ հիվանդությունների մարդկանց մոտ։

Ալիմենտար ճարպակալմամբ պայմանավորված բազմաթիվ հիվանդություններ կան՝ սիրտանոթային համակարգի կողմից, հենաշարժիչ համակարգի կողմից, էնդոկրին համակարգի կողմից, ինչպես նաեւ՝ օնկոլոգիայի կողմից։ Մարդիկ կան շնչառական լուրջ խնդիրներ են ունենում, սլիպ ապնոէով են տառապում, չեն կարողանում քնել, խեղդվում են, սատուրացիան ընկնում է։ Հարց է առաջանում՝ թողնել այս մարդուն այս քաշի տակ շարեւնակի, որը կարող է բերել ինֆարկտի, ինսուլտի, տարբեր բաների, թե փորձել մարդկանց օգնել։ Այսինքն այս վիրահությունն ուղղված է մարդկանց առողջություն պարգեւելու։

Ու պատկերացրեք մարդիկ, որ ունենում են մոտավորապես 80-100 կգ հավելյալ քաշ, եւ այդ քաշը կորցնելուց հետո իրենց կյանքն ու որակը ինչպես է փոխվում»։

Իսկ ինչպե՞ս է այս վիրահատությունը հանգեցնում քաշի կորստի։ Բժիշկը բացատրում է. վիրահատության արդյունքում նվազում է ոչ միայն ստամոքսի ծավալը, այլեւ դրանում  արտադրվող ախորժակի հորմոնի քանակը։

«Կոնկրետ սլիվ գաստրէկտոմիայի դեպքում, երբ որ ստամոքսի ծավալը, փոքրացնում ենք, դրանով հիվանդները սկսում են քիչ սնվել։ Բացի դրանից, հիվանդների մոտ նաեւ ախորժակի անկում է տեղի ունենում։ Որովհետեւ ստամոքսը հորմոն  արտադրող օրգան է, եւ իր արտադրած հորմոնը ախորժաբեր հորմոն է, եւ ախորժակը բարձրացնում է։ Երբ որ ստամոքսի մեծ մասը հեռացնում ենք, դրա հետ պակասում է նաեւ այդ հորմոն արտադրող բջիջների քանակը, եւ նաեւ առաջանում է ախորժակի պակասում», - պարզաբանում է նա։   

Բժիշկը նաեւ զգուշացնում է. վիրահատությունն ընդամենը ապրելակերպը փոխելու շանս է, ու հատկապես կարևոր է առաջին 1.5-2 տարին։ Այդ ընթացքում մարդը պետք է կարողանա հարմարվել սննդային նոր ռեժիմին, որը թելադրում է փոքրացած ստամոքսը։ Ցավոք, լինում են դեպքեր, երբ անգամ վիրահատությունից հետո մարդիկ կրկին քաշ են հավաքում՝ բժշկի ցուցումներին չհետեւելու պատճառով։ Բարեբախտաբար, այդ դեպքերը չնչին տոկոս են կազմում։