Առողջապահության նախարարության տվյալներով  վերջին շաբաթում Հայաստանում դիտվում է կորոնավիրուսով հիվանդացության 20% աճ։ Արձանագրվել է  COVID-19-ի  71 դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 29-ով: Թեստավորման դրական արդյունքները ևս աճել են`   կազմելով 29.1%։

Հայաստանում հայտնաբերվել է նաև օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը, իսկ Եվրոպական տարածաշրջանում շրջանառում են BA.2.86 (Pirola) և EG.5 (Eris) տեսակները։

ՀՀ ԱՆ  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ասում է, որ ներկայիս դրությամբ նմուշառումների արդյունքում գրիպի և այլ սուր շնչառական վարակների տեսակներ չեն շրջանառվում, հայտնաբերվում է հիմնականում Covid 19, որն արդեն դասվում է սովորական սուր շնչառական վարակների շարքին, ինչը նշանակում է, որ այն այլևս առաջվա նման վտանգ չի ներկայացնում, սակայն ռիսկի խմբում են տարեց մարդիկ և քրոնիկ հիվանդություններ ունեցողները։

Եվրոպական տարածաշրջանում և Հայաստանում շրջանառվող շտամների վերաբերյալ Ռոմելլա Աբովյանն ասում է, որ ակրուքս ենթատեսակը շրջանառվում էր ամբողջ աշխարհում դեռ մայիս ամսից։ ԱՀԿ-ն արդեն դիտարկում է այն, որպես համաճարակաբանական նշանակություն չունեցող։

Նրա խոսքով` վերոնշյալ շտամները կլինիկական ախտանշաններով և  ընթացքներով գրեթե չեն տարբերվում. պացիենտի համար նշանակություն չունի, թե որ ենթատեսակով է նա հիվանդ, քանի որ ախտանիշներն ու բուժման մոտեցումները նույնն են։