Շատ կարեւոր է իմանալ, որ յուրաքանչյուր այսպիսի դժվար ճգնաժամ առաջացնում է մարդու մոտ դիսթրես, որն ունի իր փուլերը։ Մարդն անցնում է որոշակի փուլերով, եւ վերաիմաստավորում եւ վերամշակում է այն ամենն, ինչ իր հետ տեղի է ունեցել։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով, թե ինչպես է Հայաստանին եւ Արցախին պատուհասած աղետը ազդում մարդկանց վրա, եւ ինչպես դիմավորել եւ օգնել Արցախից բռնի տեղահանվածներին։ 

«Առաջին 72 ժամվա ընթացքում առաջին հոգեբանական աջակցությունը լինում է շատ տեղին, շատ օգնող այդ շոկից դուրս գալու եւ շոկը վերապրելու համար։ Բայց դրանից հետո միանում են մեր օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները, եւ մարդն ինքը սկսում է պայքարել այն վիճակի դեմ, որն ունի։ Այստեղ շատ կարեւոր է լինել մարդու կողքին, բայց չխանգարել իրեն այդ վերապրումների մեջ։ Մենք դա պետք է քաջ իմանանք, որ ունենանք պատրաստակամություն օգնելու, բայց չստիպենք մարդուն օգտվել այդ օգնությունից։ Եվ մենք էլ՝ որպես հասարակության անդամ, որը չի կարող լինել անտարբեր կատարվածի վերաբերյալ, պետք է զբաղվենք որոշակի ինքնախնամքով։ Հասկանանք, որ մեր կայուն մնալը այս իրավիճակում շատ կարեւոր նշանակություն ունի»,- խորհուրդ է տվել հոգեբանը։

Նա նշել է, որ շատ կարեւոր է, օրինակ, որպեսզի վիրաբույժը լինի սառնասիրտ, հանգիստ, եւ նրբորեն կատարի իր աշխատանքը՝ չտրվելով հույզերին եւ մտածելով, թե ինչքան ծանր է այդ մարդու վիճակը։ Եվ սառնասրտությունն իրեն կօգնի ճիշտ կատարել վիրահատությունը։ «Նույնը հիմա վերաբերում է բոլորիս, մենք պետք է կայուն լինենք, եւ այդ դեպքում կկարողանանք օգնել մեր տեղահանված հայրենակիցներին»,- ասել է նա։

Խոսելով մարդկանց կողմից առաջարկվող օգնությունների, բարեգործության վերաբերյալ, Լիլիթ Բաղդասարյանը նշել է, որ դա շատ դրական ազգային հոգեբանական գիծ է, որ մենք փորձում ենք օգնել միմյանց, եւ դա եւս սթրեսից դուրս գալու ձեւ է։

«Մենք անտարբեր հասարակություն չենք։ Ցավոք սրտի, այդ բարեգործություններն այս պահին շատ տարերային բնույթ են կրում, եւ համակարգված չեն։ Այսինքն, յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն իր կողմից փորձում է դա անել, եւ երբեմն շատ էմոցիոնալ է տանում, երբ  մարդիկ, ենթադրենք, դրան ոչ մի կերպ չեն արձագանքում, որովհետեւ ուղղակի սթրեսից ելնելով՝ ի վիճակի չեն արձագանքել։ Կամ ուզում են երբեմն խոսել իրենց բարեգործության մասին, ոչ թե, որ իրենց համար կարեւոր է հենց այդ բարձրաձայնելը, այլ որ դա էմոցիոնալ որոշակի բավականություն է տալիս։ Եվ մենք պետք է հասկանանք, որ եթե օգնում ենք, օգնենք լուռ։ Հասկանալով, որ իրոք այն հագուստը, ուտեստը, դրամը, այն ինչով մենք կարող ենք օգնել մարդկանց, իրոք իր գործն անում է, եւ բացարձակ կարեւոր չէ, ստացանք դրա համար շնորհակալություն, թե՝ ոչ։ Եվ ցանկալի կլիներ, որ այդ ամենը լիներ համակարգված, կենտրոնացած ձեւով»,- ասել է նա։

Հոգեբանը նշել է, որ կատարվածի մասին երեխաների հետ անպայման պետք է խոսել, ճիշտ է՝ իրենց հասկանալի պարզ բառերով։

«Երբեմն մեծահասակները լավագույն մղումներով փորձում են երեխաներին պաշտպանած լինել այն ամենից, ինչ տեղի է ունենում, ու ինչ-որ ձեւով խուսափել, թեման փակել, թեկուզ կորստի հետ կապված, թեկուզ տան կորստի հետ կապված։ Բայց իրականում երեխաները շատ պատրաստ են բավականին ծանր թեմաներ ընկալել, յուրացնել։ Որովհետեւ երեխաների համար կա մի շատ կարեւոր գործոն. Եւ այդ գործոնը հոգատար հարազատն է, որի հետ ինքն ունի էմոցիոնալ կապ։ Այսինքն, եթե հարազատ մարդը երեխայի համար հասանելի, պարզ բառերով բացատրում է, թե ինչ է տեղի ունենում, առանց ավելորդ էմոցիաների, առանց ավելորդ հուզականության, երեխան ի վիճակի է հասկանալ։ Եվ դա շատ ավելի լավ է, քան թաքցնել իրականությունը։ Որովհետեւ, միեւնույն է, երեխաները շատ մեծ ականջներ ունեն, եւ իրենք ամեն ինչ լսում են։ Թեկուզ մեզ թվում է, որ քնացրել ենք երեխային, խոհանոցում ցածր խոսում ենք, բայց անգամ էմոցիաներից երեխան միանգամից հասկանում է, թե ինչի մասին է խոսքը։ Դա են փաստում, օրինակ, պատերազմի ժամանակ մեր զրույցները երեխաների հետ, երբ իրենք բոլորը միաձայն ասում էին, որ ուզում են զինվորական դառնալ։ Կամ երբ նկարում էին պատերազմական գործողություններ։ Այսինքն, թվում է, թե ծնողները չեն խոսում դրա մասին, բայց երեխաներն այդ ամենը վերապրում են։ Ի վերջո, չմոռանանք, որ իրենք սեփական աչքով են դա տեսել եւ զգացել։ Եվ դրա համար առանց ավելորդ էմոցիաների, հանգիստ զրույցը, որ՝ այո, սա կատարվել է մեզ հետ, բայց մենք կարեւորը միասին ենք, եւ մեր ընտանիքն ուժ ունի այս ամենը վերապրելու, եւ պարտավոր ենք վերապրել, գնալ առաջ, լավ սովորել, հաղթահարել։ Նման զրույցը կարող է երեխայի համար շատ եւ շատ օգտակար լինել»,- ասել է Լիլիթ Բաղդասարյանը։

Նա թվարկել է մի քանի կանոններ, որոնք կարող են օգտակար լինել նաեւ լրագրողներին։ «Լրագրողը, բնականաբար, հոգեկան առողջության մասնագետ չէ, եւ երբ հանդիպում է նման ծանր դեպքերի, կարող է ինքնավնասվել դրանից։ Այսինքն, լրագրողն էլ պետք է որոշակի պատրաստություն ունենա մարդու հետ զրուցելու։ Եվ կանոններից ամենակարեւորն այն է, որ վերաբերվել մարդուն մեծագույն հարգանքով, եւ նաեւ ընդունել մարդուց հրաժարումը նկարահանման», – ասել է նա, հավելելով, որ կարելի է կիրառել տեխնիկա, որը կոչվում է հույզերի արտացոլում։ Երբ մարդն արտահայտում է իր հույզերը, լրագրողը կարող է ասել, որ հասկանում է իրեն, որ զգում է, որքան ծանր են ապրումները։

Նա նշել է, որ այսօր պետական գերատեսչությունները փորձում են համակարգել տեղահանվածներին մատուցվող հոգեբանական օգնությունը։ Շատ հասարակական կազմակերպություններ են մեկնում վայրեր, որտեղ կան տեղահանված մարդիկ, եւ փորձում են օգնություն ցուցաբերել։  Եվ դա ինքնաբուխ բնույթ է կրում, բայց լավ կլիներ, որ ավելի համակարգված բնույթ ունենար։

Լիլիթ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում գործում է թեժ գիծ, որին կարող են դիմել բոլոր այն մարդիկ, որոնք զգում են, որ իրենք կամ իրենց հարազատները հոգեբանական օգնության կարիք ունեն։

«Մեր կենտրոնը նաեւ ունի մասնաճյուղեր Գորիսում, Ջերմուկում, Կապանում, եւ այժմ նաեւ վերաբացել է Սիսիանի մասնաճյուղը, եւ բոլոր այդ մասնաճյուղերի հոգեբանները պատրաստ են անվճար օգնություն ցուցաբերել մեր հայրենակիցներին»,- ասել է նա։

Խոսելով այն բանի մասին, որ շատերը չեն դիմում հոգեբանի, թեպետ ունեն դրա կարիքը, եւ ինչ մեխանիզմներ կան այդ մարդկանց գտնելու եւ օգնելու, նա նշել է, որ հենց այս զրույցը կարող է շատ օգտակար լինել հարազատներին, որոնք կդիտեն հաղորդումը։

«Կան որոշակի ցուցիչներ, դետեկտորներ, որոնցով կարելի է հասկանալ՝ արդյոք մարդը օգնության կարիք ունի, թե պետք է ուղղակի լինել իր կողքին  եւ թույլ տալ, որ նա սթրեսը վերապրի։ Եվ այդպիսի ցուցիչներից մեկը քնելն է: Երբ մարդը կարողանում է գոնե 4 ժամ անընդմեջ քնել, դա նշանակում է, որ նա ռեսուրս ունի իր խնդիրը վերապրելու։ Երբ կարողանում է ցերեկվա ժամերին զբաղվել որոշակի առօրյա գործունեությամբ, որն անհրաժեշտ է, օրինակ՝ երեխայի խնամք կամ ուղղակի համար մեկ անհրաժեշտության գործերը իրականացնել, դա եւս դրական ցուցիչ է։ Դրա բացակայությունը կարող է խոսել նրա մասին, որ գուցե մարդը օգնության կարիք ունի: Մյուս կարեւորագույն ցուցիչը ֆիզիկական գանգատներն են՝ գլխացավ, շնչահեղձություն, նաեւ ագրեսիվ վարքը, երբ մարդը փորձում է ինքն իրեն վնաս հասցնել կամ անընդհատ փորձում է վնասել կամ ուրիշներին կամ ինքն իրեն հարվածում է, պատից պատ է տալիս... Դա էլ է ցուցիչ, որ պետք է դիմել հոգեբանական օգնությանը:

Բայց մյուս դեպքերում, երբ մարդը տխրում է, երբ մարդը պահի տակ հուզվում է, ինչ-որ բացասական զգացողություններ է վերապրում, դա դեռ չի նշանակում, որ ունի հոգեբանական օգնության կարիք, որովհետեւ այդ իր վիճակը համապատասխան է այն իրավիճակին, որում հիմա շատերը գտնվում են»,- ասել է նա։

Հոգեբանը նշել է, որ մարդիկ տարբեր կերպ են տանում սթրեսը. կան մարդիկ, որոնք նախընտրում են ժամանակավոր մեկուսանալ, չշփվել, եւ պետք է հարգել այդ որոշումը։ Իսկ կան մարդիկ որոնց համար շփումը շատ կարեւոր է:

«Հիմնականում մոտ 70-75% մարդկանց համար շփումը շատ կարեւոր է, որովհետեւ շփման ընթացքում մենք կարողանում ենք պահի տակ ցրվել, մոռանալ, այդ լարվածությունը անցնում է, կիսվում է խնդիրը մի քանի հոգու միջեւ ու ավելի թեթեւանում է: Այնպես որ այսպիսի ավելի անհատական մոտեցում անհրաժեշտ է ցուցաբերել, եւ այդ դեպքում չենք սխալվի», – ասել  Լիլիթ Բաղդասարյանը։

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի թեժ գիծն է՝  060834777։ Զանգահարել ժ.08.00-22.00։