Վերջերս ցավալի դեպք ունեցանք, գրանցվեց մահ կարմրուկից չպատվաստված երեխայի մոտ, ով ուներ նաեւ ուղեկցող հիվանդություններ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունալ կանխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի Սվետլանա Գրիգորյանը:
«Հայաստանը 2007-ից համարվում է կարմրուկից էլիմինացված երկիր, այսինքն Հայաստանում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվում, վիրուսի տեղական շրջանառություն չունենք: Եվ դա շնորհիվ պատվաստումների է, քանի որ պատվաստումները ունեն բավական բարձր ընդգրկվածություն: Սակայն ամեն տարի ունենում ենք բերովի դեպքեր, որոնք որոշակի տեղային բռնկման պատճառ են դառնում: Հիմնականում հիվանդանում են չպատվաստավծ եւ թերի պատվաստված անձինք: Այս տարվա բռնկումն էլ է պայմանավորված բերովի դեպքով: Այդ բռնկման արդյունքում ունենք արդեն 471 հաստատված դեպք, որի 93 տոկոսը չպատվաստաված եւ թերի պատվաստված անձինք են: Հիվանդացածների մոտ 70 տոկոսը երեխաներ են: Ունենք 4 հոգի հոսպիտալացում, որոնց վիճակը միջին ծանրության է»,-ասաց նա:
Սվետլանա Գրիգորյանը նկատեց, որ կարմրուկի վրակելիությունը բավական բարձր է, եթե վարակված անձի հետ շփվում է 10 անձ, որոնք չպաստվաստավծ են կամ նախկինում չեն հիվանդացել, ապա նրանցից 9-ը կարող է հիվանդանալ:





