Արցախից բռնի տեղահանված 100-ից ավելի պացիենտ դեռևս գտնվում է բժշկական կենտրոններում։ Այս մասին, այսօր՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ հիվանդներից 10-ի վիճակը ծանր է։

Նրա խոսքով՝ Ստեփանակարետում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացածների  վերականգնողական բուժօգնությունը բավական երկար է տևելու։ «Ինչքան ու ինչ ծավալով անհրաժեշտ լինի, նրանց բուժօգնությունը կտրամադրվի։ Արտերկրում էլ ունենք 19 բուժվող պացիենտներ, նրանց վիճակում կա դրական դինամիկա։ Երբ կավարտվի այնտեղ բուժվելու անհրաժեշտ ժամանակահատվածը, նրանք կտեղափոխվեն Երևան և հաջորդիվ կշարունակեն  մեր բուժկենտրոններում վերականգնողական բուժօգնությունը»,- ընդգծեց նախարարը։