ԵՊՀ քիմիական ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած աշխատակիցների ստացած այրվածքներն ու վնասվածքները բարդացնում են բուժման ընթացքը։

«Հույս ունենք, որ բուժման ընթացքը կգնա դեպի ապաքինում»,- այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով, նրանց վիճակը ծանր է, կյանքին վտանգ չի սպառնում։

«Դեպի լավացում են գնում, այլ հարցերի չեմ կարող պատասխանել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի, դրանց արդյունքում մի քանի անձանց տուժելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի և 357-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շրջանակներում պարզվել էր, որ անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը և 911 ծառայության աշխատակիցները, նկուղային հարկում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, հայտնաբերել են տղամարդու այրված դի: Պարզվել էր, որ մահացածը նշված ուսումնական հաստատության 73-ամյա աշխատակից Ժ․Խ․-ն է, ով բնակվում էր Երևան քաղաքում:

Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ 70 և 66 տարեկան, որոնք ևս հանդիսանում են ԵՊՀ աշխատակիցներ, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել «Այրվածքների կենտրոն» ՓԲԸ։