Ցավոք սրտի, պատերազմների հետևանքով կան մասունքներ, որոնք մի քանի անգամ փորձաքննվել են ու արդյունքները մշտապես նույնն են եղել, սակայն հարազատները հրաժարվում են հուղարկավորություն իրականացնելուց: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այդ փորձաքննություններն իրականացվել են նաև արտերկրում՝ Կարմիր խաչի աջակցությամբ ու միջնորդությամբ»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում ու արտերկրում հաստատված դեպքերի մասով պետք է որոշումներ կայացնել. «Անգամ սառնարանային պայմաններում մասունքները տարիներով պահելը որեւէ առումով ճիշտ չէ: Պետք է հուղարկավորությունները իրականացվեն: Դրանց իրականացման ֆորմատն ու սկզբունքները, որ լինեն հնարավորինս ընդունելի ու հաշվի առնվեն թեմայի բոլոր նրբությունները, միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում կորոշվեն»,- նշեց Ավանեսյանը։
Նա թվեր չհրապարակեց. «Փորձաքննությունների իրականացնումը քննչական գործողությունների մի հատված է ու ԱՆ-ն իրավասություն չունի հավելյալ ինֆորմացիա տրամադրելու»:
Ավանեսյանն ասաց, որ պետությունն իր վրա պետք է վերցնի պատասխանատվություն՝ հողին հանձնելու մասունքները։





