ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց փոխնախարար Արմեն Նազարյանին պաշտոնից հեռացնելու լուրը, սակայն հրաժարվեց պարզաբանել, թե որն է ազատման պատճառը։

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը աշխատանքից հեռացվել է Մարտունի ԲԿ-ի շինարարության թերացումների պատճառով, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց. «Այո, իմ կողմից նրան առաջարկվել է տեղափոխվել այլ պաշտոնի, հաշվի առնելով մեր կապիտալ շինարարությունների մեծ ծավալը և այն պատասխանատվության շրջանակը, որը իր վրա պետք է կրի այդ գծով փոխնախարարը, հարմար եմ գտել այլ անձի դիտարկել այդ պաշտոնում»:

Նախարարը հաստատեց, որ Արմեն Նազարյանն արդեն իսկ հեռացման դիմում է ստորագրել, սակայն հարցին, թե ի՞նչ պաշտոն է զբաղեցնելու նա, և արդյո՞ք նա էր Մարտունի ԲԿ-ի շինարարական աշխատանքների պատասխանատուն, Անահիտ Ավանեսյանը հրաժարվեց պատասխանել:

Նախարարն ասաց նաև, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է, որ հիվանդանոցը, որի բացման ժապավենը հենց ինքն է կտրել, դեռևս չի գործում։ Լրագրողի հարցին, թե ի՞նչ է կարծում վարչապետն այդ մասին, նախարարը հրաժարվեց պատասխանել:

Պատասխանելով ԾԻԳ-ի ղեկավար Երվանդ Էլիբեկյանի աշխատանքից ազատման մասին լրագրողների հարցին՝ նախարարը ասաց. «Տեղափոխությունները կապված չեն կոնկրետ Մարտունի ԲԿ-ի հետ, այլ ընհանուր առմամբ մեր կապիտալի շինարարությունների ընթացքի»:

Հիշեցնենք, որ Մարտունի ԲԿ-ի նոր մասնաշենքի բացման արարողությունը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերի 4-ին, սակայն մինչ օրս մասնաշենքը չի աշխատում: Արարողությանը ներկա է գտնվել նաև Նիկոլ Փաշինյանը:

Նոր մասնաշենքի կառուցման համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 2 մլրդ 470 մլն դրամ կամ մոտ 6.5 մլն ԱՄՆ դոլար։