«Նաիրի» բժշկական կենտրոնում բարդ վիրահատություն է. վերականգնում են 52–ամյա տղամարդու թմբկաթաղանթը, որը վնասվել է պատերազմի ժամանակ՝ պայթյունից։ Մինչև վիրահատությունը տղամարդը երկար ժամանակ եղել է բուժկենտրոնի մասնագետների հսկողության ներքո՝ ականջաբորբը բացառելու նպատակով։ Այդ ընթացքում կատարվել է նաև քթի միջնապատի շտկում և հարքթային ծոցերի սանացիա` թմբկախորշերի օդափոխանակությունը բարելավելու նպատակով։

Գնել Անանյանը վիրահատության արդյունքից գոհ է՝ ի շնորհիվ վերականգնված թմբկաթաղանթի կպաշտպանվի թմբկախորշը`մեկուսացվելով արտաքին բացասական ազդակներից, հիվանդի լսողությունը զգալիորեն կբարելավվի։

«Վիրահատությունից հետո թմբկաթաղանթը լիարժեք վերականգնվեց, բարեբախտաբար, այդ պայթյունից` բարոտրավմայից ոսկրիկների շղթայի խախտում, արտահայտված բորբոքում  չհայտնաբերեցինք, և ամենախնայող տարբերակով կատարվեց թմբկաթաղանթի վերականգնում ու լավ արդյունքներով», - ասում է բժիշկը։

Բժիշկը նշում է. թմբկաթաղանթի թափածակման հիմնական պատճառը քրոնիկական ականջաբորբերն են, կամ, ինչպես այս պացիենտի դեպքում՝ տրավմաները։ Քրոնիկական ականջաբորբի դեպքում բորբոքային հեղուկը քայքայում է թաղանթը, նաև կարող են վնասվել լսողական ոսկրիկները, որոնք ևս հնարավոր է վերականգնել վիրահատական եղանակով։

Վիրահատության կարևորագույն պայմաններից է հիվանդության տևական ռեմիսիան, այսինքն՝ մինչեւ վիրահատությունը թարախահոսությունը պետք է դադարեցված լինի առնվազն մեկ ամիս։

 «Վիրահատությունը իրենից ներկայացնում է բուն թմբկաթաղանթի վերականգնումը ալոտրանսպլանտատներով, այսինքն հենց հիվանդի օրգանիզմի պատվաստներով` այդ նպատակով օգտագործում ենք ականջախեցու աճառի և մկանի փակեղի որոշակի հատված, որով որ ձևավորվում  է նոր թմբկաթաղանթ։ Դա միկրովիրաբուժական միջամտություն է, կատարվում է ընդհանուր ցավազրկման պայմաններում, և իրականացվում է մանրադիտակի հսկողության ներքո։

Նման հիվանդներին մենք հսկում ենք մինչև երեք ամիս, 3-4 ամիս, որպեսզի վստահ լինենք, որ մեր դրած պատվաստը, նորաստեղծ թմբկաթաղանթը կենսունակ է և հիվանդի մոտ ամեն ինչ նորմալ է ընթանում», – ասում է ԼՕՌ մասնագետը։

Գնել Անանյանը նշում է, ականջաբորբը ավելի հաճախ հանդիպում է մանուկ հասակում, երբ վերին շնչուղիները և շնչառական ամբողջ համակարգը դեռեւս վերջնական ձևավորված չեն։

Բարդություններից և վիրահատական միջամտությունից խուսափելու համար բժիշկը խորհուրդ է տալիս ժամանակին բուժել վերին շնչուղիների, քիթըմպանի բորբոքումները։ Քիթըմպանը եվստախյան փողերով կապվում է թմբկախորշերի հետ, և եթե այն առողջ չէ, վատ օդափոխանակությունը վաղ թե ուշ կհանգեցնի ականջաբորբի։