ՀՀ առողջապահության նախարարությունը հանրության դատին է հանձնում «Կոչումով բժիշկ» նախագծի հինգերորդ թողարկումը` նվիրված Մալայանների բժշկական ընտանիքին։ Նախագծի նպատակն է ներկայացնել Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների ամենօրյա բարդ ու գնահատելի աշխատանքը:
Մալայանների բժշկական ընտանիքի հարուստ պատմությունը ներկայացնում է երրորդ սերնդի ներկայացուցիչը` Ալեքսանդր Մալայանը, ով ստեղծման իսկ օրից աշխատում է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, 1999 թվականից՝ ղեկավարելով կենտրոնը:
Ալեքսանդր Մալայանը 90-ականների սկզբին, զարկ տվեց հայ ակնաբուժության զարգացմանը` ներդնելով միջազգային նոր գիտելիքներ եւ փորձ հետխորհրդային Հայաստանում։
«Ես հայրիկիս եմ շնորհակալ, որ բժիշկի մասնագիտությունն ընտրելու համար, որովհետեւ գաղտնիք չէ, որ բժշկի եւ ուսուցչի հանդեպ թե՛ Հայաստանում, թե՛ առհասարակ աշխարհում, վերաբերմունքը մի քիչ այլ է: Բժիշկ լինելը մեծ պատասխանատվություն է եւ մեծ պատիվ: Ես հաճախ կրկնում եմ Հիպոկրատի խոսքերը` «Աստված տվել է մարդուն երկու ծունկ, որ առաջինը խոնարհի իր առջեւ, երկրորդը` բժշկի»,-ասում է Ալեքսանդր Մալայանը:
Հունիսից սկսած արդեն հրապարակվել են Ֆանարջյանների, Սարուխանյանների, Անանիկյանների, Մինասյանների բժշկական գերդաստաններին նվիրված թողարկումները։





