Բողոքների, հարցերի տեղատարափը բավականին նվազել է եւ մենք այս շաբաթ նկատում ենք, որ շատ ավելի հանգիստ եւ առանց խնդիրների է գործում ամեն ինչ: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրմանը:
«Համակարգին պետք է նաեւ ժամանակ տալ, որպեսզի մարդիկ ընտելանան, սա շատ նորմալ գործընթաց է»,-ասաց նա:
Հարցին՝ մտավախություն չկա՞, որ դեղերը գները կաճեն, նախարարը պատասխանեց. «Բայց ինչո՞ւ պետք է բարձրանա: Էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համար դեղատունը որեւէ ծախս չի իրականացնում, այլ հակառակը, այն 8 դրամը, որ միջինում ծախսվում էր թուղթը տպելու համար, այդ 8 դրամը չի ծախսվում, այսինքն ունենք ծախսերի կրճատում, ոչ թե ավելացում:
Եթե պացիենտը ունի կարիք, դիմում է բժշկի, ստանում է խորհրդատվություն, ցուցում եւ դեղատնից գնում է իր դեղը, ինչո՞ւմն է խնդիրը»:
Ինչ վերաբերում է նրան, որ դեղատան աշխատողը կարող է ծանոթ լինի, դեղը դուրս գրի, տա քաղաքացուն, Ավանեսյանն ասաց. «Դե դա իրավախախտում է: Նույնկերպ ես կարող եմ խնդրել իմ հարեւանին ինձ սրտի վիրահատություն անել, որովհետեւ դա ավելի արագ կլինի: Այդպես չի, չէ՞: Մենք վիրահատության համար դիմում ենք բժշկի, նույն ձեւով էլ եթե մենք ունենք հիվանդություն, որի համար անհրաժեշտ է դեղորայք, որն այս պահին ներառված է, ապա անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն: Մենք հեշտացրել ենք, անգամ համակարգչի կարիք չկա, հեռախոսի հավելվածի միջոցով կարող է դուրս գրել դեղատոմսը»:





