Հնդիկ բժիշկները ականջի քորից բողոքող տղամարդու լսողական օրգանի մեջ 7,5 սմ երկարությամբ կենդանի ծղրիդ են գտել: FoxNew-ի հաղորդմամբ, նրանց հաջողվել է բարակ նրբունելու օգնությամբ հեռացնել միջատը՝ ականջային անցուղուց:
Հնդկական ընտանեկան ծղրիդները, Դերբիի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ, անողնաշարավորների կենսաբանության փորձագետ Մայքլ Սուիթի հաղորդմամբ, խիստ ինվազիվ միջատներ են համարվում: Ընդ որում, դրանք նախընտրում են միայն տաք երկրներում բնակվել եւ խուսափում են ցերեկային լույսից:
«Ծղրիդն, ամենայն հավանականությամբ, գիշերային ժամերի է տղամարդու ականջի մեջ ներթափանցել», - մեկնաբանել է դոկտոր Սուիթը՝ հավելելով, որ միջատն ամենեւին էլ միակ կենդանին չէ, որ սիրում է մարդու լսողական օրգանը խցկվել: Ընթացիկ տարվա առաջին ամիսներին մի թայվանցի կնոջ ականջի մեջ էլ արնաշաղախ գնդի վերածված թրթուր էին հայտնաբերել: Նման դեպքերում մի շարք ախտանշաններ, ներառյալ՝ ականջի կարմրություն, այտուցվածություն, ինչպես նաեւ արյան, բորբոքային հեղուկների եւ թարախային արտահոսք կարող է նկատվել: Իսկ գլխապտույտը, հավասարակշռության կորուստը եւ սրտխառնոցը խնդիրների առավել սրացման մասին են վկայում:
Թեեւ պատմության հերոսի մոտ, բացի ուժեղ քորից, ոչ մի նմանատիպ ախտանշաններ ի հայտ չեն եկել, դոկտոր Սուիթի հավաստիացմամբ, հեռու չի եղել այն պահը, երբ, ներքին ականջի պատճառով, հավասարակշռության եւ լսողության հետ կապված խնդիրներ կարող էին ի հայտ գալ: Եթե ականջի մեջ օտար մարմին է հայտնվել, հատկապես երբ ուժեղ ցավ, բարձր ջերմություն, այտուցվածություն, հեղուկների արտահոք կամ արյունահոսություն է նկատվում, հարկավոր է անհապաղ բժշկի օգնությանը դիմել, խորհուրդ է տալիս մասնագետը:





