Օգոստոսի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ջրծաղիկով վարակման 336 դեպք է գրանցվել, իսկ նախորդ ամիս 1245 դեպք՝ մոտ 83 տոկոսը մինչև 18 տարեկան անձանց մոտ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21–ին Առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսին ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։

«Ջրծաղիկի տարեկան վիճակագրությունը գրեթե նույնն է մնում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի թիվն ավելացել է 1,1 տոկոսով»,–նշեց նա։

Ստեփան Աթոյանի խոսքով, այս տարի նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի ներդրում։

«Այն կներդրվի փուլային. սկզբում կիրականացվի մեկ տարեկան երեխաների շրջանում և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում։ 2027 թվականից կիրականացվի ըստ օրացուցի՝ մեկ տարեկանների, և չորսից վեց տարեկանների շրջանում։ Սա կբերի ջրծաղիկի դեմ արդյունավետ պայքարի»,–ասաց նա։