«Նաիրի» բժշկական կենտրոնում պատրաստվում են վահանաձև գեղձի անվտանգ վիրահատության։ Բուժառուն ունի գեղձի աջ բլթի գրեթե տոտալ ախտահարում՝ հանգուցային գոյացությամբ։ Սոնագրաֆիկ հետազոտությունը ցույց է տվել, որ բիլթը մեծացել է, իսկ հանգույցը մոտ 5 սմ է։
«Նախատեսվում է վահանաձև գեղձի աջ բլթի ամբողջական հեռացում՝ ահա այսպիսի մի ծավալ», – պատմում է «Նաիրի» ԲԿ Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ բադալյանը։
Մինչև վիրահատությունը, հենց նույն օրը, սոնոգրաֆիկ հետազոտությամբ վիրաբույժը ևս մեկ անգամ զննում է բուժառուին, հստակեցնում վիրահատության ծավալը` հասկանալու համար թե ինչ չափի կտրվածքով պետք է մուտք գործել համապատասխան օջախ։
«Դա անում ենք եվ նախավիրահատական փուլում՝ հիվանդասենյակում, և վիրահատարանում, արդեն հիվանդը ինտուբացիոն, այսինքն, նարկոզի տակ գտնվելու ժամանակ», – ասում է նա։
Վահանաձև գեղձի անվտանգ վիրաբուժությունը գործողությունների համալիր է, որը սկսվում է նախավիրահատական սոնոգրաֆիկ զննումից մինչև բուժառուի դուրս գրում։ Նպատակն է նվազագույն տրավմայով՝ փոքր կտրվածքով, առանց արյունահոսության ու կարճատև վիրահատությամբ հասնել առավելագույն արդյունքի, որի համար էլ կիրառվում են ժամանակակից սարքավորումներ։
«Առաջինը դա օպտիկական սարքերն են։ Վիրաբուժության մեջ, փոքր օջախում աշխատելու ժամանակ, միշտ կիրառում ենք 4-5 անգամ խոշորացնող սարքեր միանշանակ։ Եվ ուղղված որոշակի լույսի աղբյուրով։ Հաջորդն այն վիրաբուժական գործիքակազմն է, որոնք ժամանակակից, դրանք ուլտրաձայնային նշտարներն են, հարմոնիկ, լիգաշուր, տարբեր անվանումներով, որոնք մինիմալ տրավմա հասցնելով եւ առանց արյուն վիրաբուժություն են ապահովում», – ներկայացնում է վիրաբույժը։
Սակայն անվտանգ վիրաբուժության ամենակարևոր գործիքը նեյրոմոնիտորն է։ ինտուբացիոն խողովակի վրա տեղադրված էլեկտրոդը հասնում է ձայնալարերին, ինչը հնարավորություն է տալիս ստուգել նրանց շարժող նյարդի հաղորդականությունը։ Նյարդերը, որոնք ներվավորում են ձայնալարարերը, չափազանց նուրբ են, և դրանց դիպչելիս կարող է խնդիր առաջանալ, օրինակ՝ փոխվի ձայնի տեմբրը կամ ձայնը կտրվի։ Ազդանշանը զգուշացնում է, որ բժիշկն աշխատում է նյարդի վրա։
«Ներվիրահատական նեյրոմոնիտորը հնարավորություն է տալիս հսկել նյարդի հաղորդականության հզորությունը։ Այսինքն, վիրահատության ժամանակ մենք գտնում ենք նյարդը, համապատասխան գործիքով այդ հյուսավածքների խմբի մեջ կարողանում ենք հայտնաբերել, եթե դժվար է հայտնաբերել, առանձնացնել, նրան զգուշորեն պահպանել, հեռացնել վահանաձև գեղձի համապատասխան բիլթը, հաջորդիվ ստուգում ենք հզորությունը․ կա արդյո՞ք հզորության պակաս։ Ինչի՞, որովհետև նույնիսկ փոքր դիպչելը, փոքր ձգելը նյարդին նրան կարող է վնասել։ Շատ նուրբ են հետադարձ նյարդերը։ ԵՎ փորձում ենք որևիցէ խնդիր առաջանալու դեպքում, կանգ առնել, հասկանալ, մենք ավելի ուժեղ խնդրի կհանգենանք, թե ոչ։ Եթե ոչ, շարունակում ենք վիրահատությունը», – պատմում է նա։
Այս մոտեցման շնորհիվ բուժառուն վիրահատությունից հետո չի ունենում ձայնի կորուստ կամ փոփոխություն։ Վերականգնողական պրոցեսն էլ ավելի արագ է լինում։ Հենց հաջորդ օրը բուժառուն գնում է տուն։





