«Ստեղծելով ապագան» գիտաժողովի «Ուղեղի էվոլյուցիան» թեմայով քննարկումը կնվիրվի այն թեմային, թե տեխնոլոգիական զարգացումն ինչպես կփոխի մեր ուղեղը, ինչպես կարող ենք լուծել ուղեղին առնչվող տարբեր խնդիրներ: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Neuronovosti.ru պորտալի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Պաևսկին։
Բանավեճի շրջանակում կփորձենք խոսել ուղեղի վրա ազդեցության աստիճանի, ինչպես նաև՝ նրա մասին, թե ինչ կարող ենք հիմա անել ուղեղի հետ, և ինչպես կփոխվի մեր ուղեղը, կխոսենք ուղեղի առողջության թեմայով, կկարողանա՞նք արդյոք հաղթահարել նեյրոդեգեներատիվ և հոգեկան հիվանդությունները և այլն: Սա ապագային ուղղված յուրօրինակ հայացք է՝ ելնելով այն ամենից, ինչ մեր ձեռքի տակ կա հիմա։
Որքա՞ն հնագույն ուղեղի հետ կարող ենք համեմատել ժամանակակից մարդու ուղեղը՝ էվոլյուցիայի մասին խոսելու համար:
Մենք խոսում ենք ոչ թե էվոլյուցիայի, այլ տեխնիկական առաջընթացի մասին։ Մեր ձեռքի տակ հնագույն մարդու ուղեղ չկա: Միակ բանը, որով զբաղվում են գիտնականները, նույնիսկ եթե խոսքը նեանդերթալցիների մասին է, էնդոկրանն (Endocast) է՝ գանգի ներքին խոռոչը, որում տեղակայված է ուղեղը։ Իհարկե, մենք կարող ենք խոսել ուղեղի ծավալների մասին, բայց ծավալը մեզ ընդհանրապես ոչինչ չի հուշի, քանի որ, օրինակ, եթե խոսենք ժամանակակից մարդու մասին, ապա նորմալ մարդու ուղեղը կարող է ծավալով և քաշով երկու անգամ տարբերվել, և դա բանականության վրա չի ազդում: Այսպիսով, մենք չենք կարող շատ բան ասել ուղեղի էվոլյուցիայի մասին այն առումով, որ նմուշներ չունենք:
Ուրիշ բան, որ երբեմն մենք կարող ենք քննարկել որոշակի բաներ՝ ելնելով գեներից, գենետիկայից։
Ոչ վաղ անցյալում ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվեց ֆինն հետազոտող Սվանտե Պյաբոյին, որն առաջին անգամ կարողացավ վերծանել նեանդերթալցու գենոմը, և այժմ մենք հասկանում ենք, որ մեր ուղեղի որոշ խնդիրներ կապված են հենց այն փաստի հետ, որ նեանդերթալցու մի քանի գեն փոխանցվել է մեզ: Որոշ փորձագետներ շիզոֆրենիան և այլն կապում են սրա հետ: Բայց մենք դեռ այնքան էլ լավ չենք հասկանում, թե մեր ուղեղում ինչն է, որ մեզ դարձնում է մարդ և ոչ թե՝ կենդանի: Որտեղ փնտրել մեր առավելությունները, մեր էվոլյուցիան: Ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ:
Ի՞նչ տեխնոլոգիաներ կարող են ապագայում փոխել մարդու վարքը:
Տեխնոլոգիաներից մեկը ինտերֆեյսն է, ուղեղը և համակարգիչը: Հենց սա է ուզում տեղ հասցնել Իլոն Մասկը։ Սա առանց նյարդերի և մկանների մասնակցության, մտքի ուժով որոշ հրամաններ տալու ունակությունն է։
Գլխուղեղում հատվածներ կան, որոնցով վերահսկում ենք շարժումները։ Մենք կարող ենք այնտեղ էլեկտրոդներ տեղադրել և հետևելով այս կեղևի ակտիվությունը, ինչ-որ կերպ փորձել հաշվարկել շարժումների որոշ տարրեր և այնուհետև ամեն ինչ փոխանցել պրոթեզին կամ փորձել տեքստ հավաքել:
Նման բաներ կան, դրանք իրենց սկզբնական վիճակում են, կան բազմաթիվ տեխնոլոգիական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։
Թույլ հոսանքով ուղեղը խթանելու հետ կապված մի բան էլ կա։ Երբեմն այդ խթանումները փորձում են օգտագործել ուղեղի աշխատանքը, հիշողությունը, ուշադրությունը բարելավելու համար, բայց ավելի հաճախ դրանք օգտագործվում են որոշ խնդիրների՝ դեպրեսիայի, հոգեկան հիվանդություն դեմ պայքարելու համար:
Բացի դրանից, մենք այժմ բախվում ենք հսկայական մարտահրավերի, որն իսկապես պետք է փոխի տարեց մարդկանց կյանքը:
80 տարեկանից բարձր մարդիկ խիստ ենթակա են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների: Ամենից հաճախ խոսում են Ալցհայմերի հիվանդության մասին։
Մենք դեռևս չգիտենք՝ ինչպես վարվել Ալցհայմերի հիվանդության հետ: Դեռևս լիովին հասկանալի չէ՝ ինչն է դրա առաջացման պատճառը: Սա ամենակարևոր մարտահրավերներից մեկն է, որին այժմ բախվում է մարդկությունը՝ տարեցների կյանքն արմատապես փոխելու համար:
Հնարավո՞ր է բարելավել ուղեղի աշխատանքը:
Ես ուղեղի աշխատանքի բարձրացման կամ բարելավման թեմայով դասախոսություններ ունեմ: Այդ դասախոսություններում վերլուծում ենք մեզ դրանում օգնող տարբեր սարքերի հնարավորությունները: Մեր ուղեղն ավելի լավը դարձնելու բազում եղանակներ գոյություն ունեն:
Ամենահեշտ միջոցը առողջ և տևական քունն է։ Դա առողջ ու լավ աշխատող ուղեղի ամենակարևոր գրավականն է։ Քնի ժամանակ ուղեղը չի հանգստանում, այլ զբաղվում այլ գործերով, հիշում ու մոռանում է, ինքազտում անում։
Մեր ուղեղն ավելի լավը դարձնելու երկրորդ պայմանը վարժություններն են, ուղեղի մարզումը, մտապահումը։ Չափավոր ֆիզիկական ակտիվությունն ուղեղին շատ է օգնում։ Նույնը վերաբերում է մանր մոտորիկայի աշխատանքին: Դա Ալցհայմերի և դեմենցիայի կանխարգելման համար անչափ կարևոր է։
Երաժշտությունը բոլորովին առանձին թեմա է։ Երաժշտությունը չափազանց օգնում է մեր ուղեղին, մեծացնում է լսողական և շարժական կեղևի միջև կապը, բարելավում է ճանաչողական հատկությունները: Երաժշտություն լսելը ևս օգնում է, բայց ավելի արդյունավետ օգնում է որևէ երաժշտական գործիք նվագելը:
Հնարավո՞ր է ապրել առանց ուղեղի:
Վերջերս պարզեցինք, որ մեր ուղեղն աներևակայելի ճկուն է: Որքան երիտասարդ ենք, այնքան ճկուն է մեր ուղեղը:
Եթե ինչ-ինչ բժշկական նկատառումներով հեռացվում է երեխայի գլխուղեղի ամբողջ կիսագունդը, և վիրահատությունը հաջող է ընթանում, այդպիսի երեխան ոչ միայն ողջ է մնում, այլև բացարձակ նորմալ մարդու պես է զարգանում: Նա աճում է այնպես, ասես մի ամբողջ գլխուղեղ ունի։ Այսինքն՝ մի կիսագունդն իր վրա է վերցնում մյուսի գործառույթը։ Նման բան է տեղի ունենում նաև մեծահասակների շրջանում:
Մեզ հանդիպած ամենաարմատական դեպքը, մեզ այցելած 50 տարեկանից բարձր հիվանդն էր, որի գլխուղեղի կեղևից մնացել է մոտ 10%-ը: Սակայն տղամարդը դա չէր նկատել, քանի որ գլխուղեղի կեղևի 10%-ը կամաց-կամաց ստանձնել էր մնացածի գործառույթները:
Հասկանալի է, չէ՞, որ այդ ամենը միանգամից հեռացնելու դեպքում, նման բան տեղի չի ունենա, բայց ուղեղն աստիճանաբար կվերակառուցվի։
Կան մարդիկ առանց ուղեղիկի, որն անհրաժեշտ է շարժումների բնականոն կոորդինացիայի համար։
Մենք առանց ուղեղի որոշակի մասի ի վիճակի ենք ապրել, հատկապես երբ խոսքը վերաբերում է գլխուղեղի կեղևին: Ուղեղն ընդունակ է դարձյալ վերակառուցվել, բայց դա տեղի է ունենում դանդաղ: Դրա շնորհիվ նույնիսկ մեծահասակներն են վերականգնվում ուղեղի կաթվածից հետո, կարող են սկսել քայլել և խոսել և այլն:
Նյարդային բջիջները չե՞ն վերականգնվում: Ուղեղը միայն 10% հզորությա՞մբ է աշխատում:
Երկրորդը լիովին անհասկանալի է: Ի՞նչ նկատի ունես։ Սա նշանակում է, որ բջիջների 10%-ն աշխատում է։ Ցանկացած պահի ուղեղում աշխատում են միայն որոշակի նյարդային բջիջներ:
Մենք բոլորս տեսել ենք, թե ինչ է տեղի ունենում, երբ ամբողջ ուղեղը միանգամից աշխատում է: Սա կոչվում է էպիլեպսիա: Նույնը տեղի է ունենում ծանր թմրանյութեր ընդունելիս։
Մեր ուղեղը միշտ աշխատում է այն հզորությամբ, որը մեզ անհրաժեշտ է, բայց այն պետք է մարզվի: Ինչ վերաբերում է «նյարդային բջիջները չեն վերականգնվում» պնդմանը, ապա ճշմարտությունն այն է, որ բջիջներն իրականում չեն բաժանվում: Նրանք չափազանց մասնագիտացված են, չափազանց տարբերակված:
Բայց սրան երկու հավելում կա.
Նախ, նոր նեյրոններ դեռևս ծնվում են նույնիսկ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մեծահասակի ուղեղում:
Կան գոտիներ, որտեղ նրանք ծնվում են: Դա հիպոկամպուսն է, որտեղ ձևավորվում են հիշողությունները։ Բացի դրանից, դրանք փորոքների սահմաններն են, դա հոտառության գնդարմատն է: Այնտեղ անընդհատ ձևավորվում են նոր նյարդային բջիջներ և կարող են հետագայում արտագաղթել ուղեղի այլ մասեր:
Երկրորդ՝ ուղեղում կարևորը ոչ թե նեյրոնների քանակն է, այլ նրանց կապը միմյանց հետ։
Եվ կա երրորդ հանգամանքը: Մեր ուղեղում կան 86 միլիարդ նեյրոն և մոտավորապես նույնքան ոչ նեյրոնային բջիջներ, և դրանց թվում կան բջիջներ, որոնք կոչվում են աստրոցիտներ: Ըստ ամենայնի, նրանք պակաս դեր չեն խաղում մեր մտածողության, գիտակցության և անհավասարազոր ազդակների փոխանցման գործում, քան հենց նեյրոնները. այ նոր աստրոցիտներ ձևավորվում են։ Այսինքն՝ մենք կարող ենք վերականգնել նյարդային բջիջների միջև կապերը։
Արդյո՞ք անհրաժեշտ է նեյրոնային ցանցերի աշխատանքը մոտեցնել ուղեղի աշխատանքին։
Նախ, դա անելու համար մենք պետք է լիովին հասկանանք, թե ինչպես է աշխատում ուղեղը: Այնպես եղավ, որ մեր ուղեղի աշխատանքի առաջին համահունչ պատկերը հայտնվեց 1950-ականներին՝ առաջին համակարգչի հայտնվելուն պես: Այդժամ միտք ժսգեց. «Հիմա մենք ուղեղը կվերարտադրենք համակարգչով»:
Այսպես հայտնվեց առաջին նեյրոնային ցանցը։ Այժմ նեյրոնային ցանցը կամ արհեստական բանականությունը ընդհանրապես մաթեմատիկայի և համակարգչային տեխնիկայի առանձին ճյուղ է, և այն արդեն զարգանում է սեփական օրենքներով։ Երբեմն մարդիկ փորձում են ցանցեր կառուցել՝ հիմնվելով ուղեղի կառուցվածքի ժամանակակից գիտելիքների վրա:
Եվ պետք չէ վախենալ արհեստական բանականությունից, քանի որ մենք դեռ այնքան էլ լավ չենք վերարտադրում ուղեղի լիարժեք գործունեությունը, որովհետև դեռ շատ քիչ ենք հասկանում դա:
Արհեստական բանականությունը միգուցե օգնում է որոշ բաներ հասկանալու գործընթացը դյուրացնելուն, բայց հենց մա՛րդը պիտի մտածի, և հենց մա՛րդը պիտի հասկանա:
Այս տարի ֆիզիկայի ոլորտում երկու Նոբելյան մրցանակ շնորհվեց արհեստական բանականության մշակողներին։ Մենք կարող ենք չհասկանալ, թե ինչ է նշանակում այս կամ այն ազդանշանը, որ կարդում ենք ուղեղից, բայց նեյրոնային ցանցի օգնությամբ այդ ազդանշանները կարող ենք օգտագործել պրոթեզները կառավարելու համար։ Նեյրոնային ցանցը կարող է օգնել մեծ տվյալների հետ աշխատելիս, բայց պետք է մտածի մարդը, և ոչ թե նեյրոնային ցանցը, որը մտածելու ընդունակ չէ:
Որո՞նք են գիտության հանրահռչակմանն առնչվող խնդիրները:
Այս ոլորտում խնդիրները տարբեր են՝ սկսած նրանից, որ մենք պետք է գիտնականներին ստիպված ենք եղել բացատրել՝ ինչու պետք է դա անենք:
Բայց հիմա Ռուսաստանում այդ խնդիրը չկա, հիմա երիտասարդներն են արդեն զբաղվում գիտությամբ, իսկ հիմա մեզ անհրաժեշտ է ավելի շատ խոսել, թե ինչ է գիտությունը։
Գլխավոր խնդիրը լսարանիդ ըմբռնելն է, թե ում համար ես աշխատում, իսկ աշխատել պետք է բոլոր լսարանների համար՝ մանկապարտեզի երեխաներից մինչև ակադեմիկոսներ: Վերջիններս պետք է իմանան՝ իրենց ոլորտից դուրս ինչ է կատարվում, և գիտնականները մեծ ուրախությամբ խնդրում են գիտահանրամատչելի դասախոսություն կարդալ ոչ թե միջոցառման թեմայով, այլ որովհետև այն պարզապես հետաքրքիր է։
Ներկայում մարդիկ հաճախ են մտնում այս ոլորտ՝ նոր յուրահատուկ ձևաչափ ստեղծելու ցանկությամբ, իսկ ձևաչափերի մրցավազքում հաճախ էությունը կորչում է։ Հետո հաճախ պարզվում է, որ «գիտահանրամատչելի» միայն երկրորդ մասն է մնում։ Հետևաբար հավասարակշռությունը կարևոր է:
Ինչու՞ են գիտնականները հանրահռչակում գիտությունը:
Գիտնականները գիտությամբ զբաղվում են ոչ թե իրենց, այլ հասարակության փողի հաշվին։ Բյուջեից աշխատավարձ ենք ստանում ու զբաղվում ենք մեր հետաքրքրասիրության բավարարմամբ։
Հետևաբար, գոնե երախտագիտության տեսքով այն բանի համար, որ մեզ թույլ են տալիս դրանով զբաղվել, մենք պետք է նրանց պատմենք՝ ինչ ենք արել, որպեսզի նրանք շարունակեն մեզ տրամադրել։
Դա կարևոր է, որպեսզի մարդիկ չասեն՝ «Ո՞ւմ է պետք էս գիտությունը»:
Բացի դրանից, գիտնականին միշտ երիտասարդ արյան հոսք է անհրաժեշտ, և դա նրան հնարավորություն է ընձեռում ներգրավել երիտասարդներին: Գիտնականների շրջանում միշտ կադրերի մրցակցություն կա, և լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց համար կադրեր ներգրավելու ավելի մեծ հնարավորություններ ունեն: Այս գործոնը այս կամ այն դրամաշնորհը ստանալիս միաժամանակ բարձրացնում է մրցունակությունը։





